ԶԻՆՎՈՐԱԳՐՎԵԼ՝ ԳԱՂԱՓԱՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԻՄ  առաջնորդ  Պարույր Հայրիկյանը խոսել է ժամանակին Նիկոլ Փաշինյանին աջակցելու և ընդդիմության հետ ունեցած տարաձայնությունների մասին:

 

-Պարո՛ն Հայրիկյան, Դուք մշտապես Ձեր հարցազրույցներում, գրառումներում դժգոհություններ եք հայտնում, ասում, որ եթե այսօր, պատերազմից հետո  իշխանության դեռ Նիկոլ Փաշինյանն է, դրա մեղավորն ընդդիմությունն է, քանի որ միասնական չէ: Կխնդրեմ այս քննադատությունների պատճառից խոսել, ինչո՞ւ ընդդիմությանը չի հաջողվում միասնական օրակարգ ձեւավորել:

-Միշտ չէ, որ դրա մասին խոսում եմ, բայց երբ առիթ լինում է նշում եմ, որ հանրային կյանքում, քաղաքական կյանքում միշտ կա իշխանություն, եթե կա պետություն եւ  ընդդիմություն: Եվ եթե իշխանությունը ակնհայտ սխալներ է թույլ տալիս, ապա այստեղ կա նաեւ ընդդիմության մեղքը, որ այդ դժգոհությունների դեպքում չի կարողանում կարեւորագույն հարցի շուրջ հայտարարի գալ:

Մի փոքր անդրադարձ կատարեմ. երբ միայն ԱԻՄ-ն էր եւ կոմունիստական բռնապետությունը, մեր գործը հեշտ էր: Մենք գիտեինք, որ մենք ենք, բոլորը մեզ հետ են, դիմացն էլ կոմկուսն է: Հիմա փոխվել են այդ ժամանակները. մենք պայքարեցինք բազմակուսակցական Հայաստանի համար, ԱԻՄ-ը ինքը տրոհվելով շատ կուսակցությունների աշխարհ գալուն նպաստեց, եւ հիմա դրանց հետ պետք է համաձայնության գալ:

-Դրան խանգարում է քաղաքական ուժերի շատ լինե՞լը:

-Ո՛չ, քաղաքական ուժերի շատ լինելը դրան չի խանգարում, որքան այն որ այդ ուժերը  կարեւորագույն հարցերի համար պայքարելիս չեն մոռանում, կամ չեն ուզում մոռանալ, որ կարելի է ժամանակավորապես մի կողմ դնել աթոռակռիվը. դա խանգարում է ընդդիմությանը ընդհանուր հայտարարի գալ:

-Պարո՛ն Հայրիկյան, բայց արդյո՞ք յուրաքանչյոււր ընդդիմության վերջնանպատակը չէ տապալել սխալներ թույլ տված իշխանությանը, որպեսզի իրենք ծառայեն պետության շահերին: Բնական չէ՞ սա:

– Բնական է, իհարկե, քաղաքական ուժը պետք է իր ծրագրերն իրականացնի՝ իշխանության գալու ճանապարհով, բայց լինում են դեպքեր՝ համազգային կարեւորության, որ խնդիրն ավելի կարեւոր է, քան քո իշխանության գալու հարցերը լուծելը. օրինակ՝ Հայաստանի անկախությունը, ժողովրդավարության խնդիրը: Քաղաքական ուժերը այս հարցերը մեծ մասամբ կապում են անցումային կառավարության հետ: Մեր դիրքորոշումը այլ է, մենք ասում ենք՝ կա բացարձակ ժողովրդավարության նախագիծ, որը պաշտոնապես ընդունել է 15 քաղաքական ուժ. եկեք սրա շուրջ համախմբվենք, այս կարեւորագույն հարցը լուծենք: Հետո իշխանափոխությունն էլի մնում է, որովհետեւ սահմանադրության ընդունումից հետո, բնականաբար, ընտրություններ լինում են: Ես մի քայլ եմ պլանավարում՝ քաղաքացիներին հրավիրելու՝ որպես ժողովրդավարության աջակցողների պայքարի:

-Այսինքն, փողոցային պայքա՞ր նկատի ունեք:

-Ամեն տեսակի. ե՛ւ իրավական, ե՛ւ փողոցային:

-Միայն Ձե՞ր քաղաքական ուժը:

-Ո՛չ, քաղաքական ուժերն իրենց հերթին, բայց կան մարդիկ, որոնք որեւէ քաղաքական ուժի հետեւել չեն ուզում, բայց հասկանում են, որ հայրենիքի վիճակը բարելավելու համար կարելի է զինվոր դառնալ ինչ-որ գաղափարի:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ ՉԵՆ ԵՂԵԼ

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հերթական նիստն է արել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Օրակարգում ապրիլի 5-ի Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բրյուսելյան հանդիպումն է եղել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նիստն ընդամենը 1.5 ժամ է տեւել, քանի որ ասելու շատ բան չի էլ եղել:

Սկզբում ելույթով է հանդես եկել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, հետո վերջինս պատասխանել է ՔՊ-ականների հարցերին:

Ըստ էության, Արմեն Գրիգորյանի ասածն այն է եղել, որ բացառապես տնտեսական հարցեր են քննարկվել Բրյուսելում: ԱԽ քարտուղարը նաեւ ակնարկել է, որ թեեւ տնտեսական հետագա համագործակցության նախադրյալներ կան, բայց հանդիպման արդյունքներն այնքան էլ ոգեւորիչ չեն եղել, որքան նախապես ակնկալվում էր:

ՔՊ-ականներն էլ ցնծությամբ չեն ընդունել հանդիպման արդյունքները:

Նիստի վերջում ամփոփիչ կարճ ելույթ է ունեցել նաեւ Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԿ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ Արցախի ԱԺ պատգամավորները փակ հանդիպում-քննարկում են ունեցել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի եւ պետնախարար Արթուր Հարությունյանի հետ:

Քննարկումը տեղի է ունեցել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքում եւ բավականին երկար է տեւել:

Մեր տեղեկություններով՝ Արցախի իշխանությունները քննարկել են բռնի տեղահանված արցախցիների սոցիալական աջակցության ծրագրերը եւ խնդիրները:

Քննարկման ժամանակ մտահոգություններ են հնչեցրել, որ արցախցիների աջակցության համար նախատեսված ռեսուրսները սպառվում են ու առաջիկայում հնարավոր է՝ ամբողջությամբ սպառվեն դրանք, ինչն էլ խոր սոցիալական խնդիրներ է առաջացնելու արցախցիների համար:

Արցախի իշխանությունները մտահոգություն են հայտնել նաեւ, որ այս իրավիճակն ի վերջո կարող է հանգեցնել արցախցիների արտագաղթի:

 

ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի հերթական նիստը։

Հանդիպմանը Ադրբեջանը ներկայացրել է հանձնաժողովի համանախագահ Շահին Մուստաֆաեւը, իսկ Հայաստանը՝ Մհեր Գրիգորյանը։

Կողմերը համաձայնության են եկել մի շարք հարցերի շուրջ։

 Ք.  ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

ՉԳԻՏԻ՝ ՈՎ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի կարող ճշմարիտ համարել Իսրայելի եւ Իրանի հայտարարությունները՝ կապված իրանական տարածքի վրա իսրայելական վերջին հարվածների հետ։ Միաժամանակ, նա մեղադրել է ԱՄՆ-ին Իսրայելին աջակցելու մեջ՝ նշելով, որ Վաշինգտոնից այլ բան չէր սպասում։

«Ներկայումս Իսրայելն ու Իրանը տարբեր բաներ են ասում։ Չկա պատասխանատվություն, չկա բացատրություն: Ելնելով Իրանի հայտարարություններից՝ չի կարելի ասել, որ նա ճշմարտությունն է ասում։ Իսրայելի մասին ընդհանրապես անհնար է ասել»,- Ստամբուլում լրագրողներին ասել է թուրք առաջնորդը։

Նույնը, ըստ Էրդողանի, կարելի է ուղղել ԱՄՆ-ին. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մենք տեսնում ենք, որ Ամերիկան Իսրայելի կողմն է։ Մինչ բոլորն աջակցում են Պաղեստինին, ԱՄՆ-ն, դատելով վերջին հայտարարություններից, շարունակում է բռնել Իսրայելի կողմը։ Մենք այլ բան չէինք սպասում, եւ կրկին հնարավորություն ունեցանք դա ստուգելու»,- նշել է Էրդողանը։ Թուրքիայի ԱԳՆ-ն ավելի վաղ կոչ էր արել Իսրայելին եւ Իրանին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են հանգեցնել նրանց միջեւ լարվածության՝ վերածվելով մշտական հակամարտության։ «Վերջին իրադարձությունների լույսի ներքո ավելի ու ավելի պարզ է դառնում, որ Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա Իսրայելի անօրինական հարձակման հետեւանքով առաջացած լարվածությունը մշտական կոնֆլիկտի վերածվելու վտանգի տակ է: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին՝ զերծ մնալ քայլերից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության ընդլայնմանը», – ասված է նախարարության հայտարարության մեջ X-ում:

 

 

«ՌԴ-Ն, ՆԱԽԿԻՆԻ ՊԵՍ, ԵՐԵՎԱՆԻՆ ԴԱՇՆԱԿԻՑ Է ՀԱՄԱՐՈՒՄ»

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան նախկինի պես Երեւանին իր դաշնակիցն է համարում՝ ոչ միայն իրավական առումով։

«Մենք, այնուամենայնիվ, Հայաստանի հետ դաշնակիցներ ենք։ Մենք դեռ մեզ դաշնակիցներ ենք համարում։ Իրավաբանորեն մենք դաշնակիցներ ենք, բայց ես կարծում եմ, որ ոչ միայն իրավաբանորեն, եւ որ այնտեղ կան մարդիկ, ովքեր հասկանում են Ռուսաստանի նշանակությունը Հայաստանի անվտանգության եւ տնտեսական զարգացման համար»,- նշել է Լավրովը։

Նա ԱՄՆ-ին եւ Եվրամիությանը մեղադրել է Հայաստանն արագացված տեմպերով Ռուսաստանից պոկելու քայլեր իրականացնելու մեջ՝ դրանք որակելով «լկտի եւ անամոթ գործողություններ»։

 




Լրահոս