Մեծ սերունդը ցավում է պարտադիր կուտակայինի «զոհերի» համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

61-ամյա Ռաֆֆի Մարգարյանը ցավում է նոր սերնդի համար: Պատճառը Կուտակային կենսաթոշակային  պարտադիր համակարգի առկայությունն է: Այս գնահատականին Մարգարյանը եկել է սեփական փորձից. տարիներ առաջ նրան ասել են՝ «օրենքը փոխվեց, աշխատածդ հեչ էղավ»:

Ռաֆֆի Մարգարյանն, ընթերցելով «Ժողովուրդ» օրաթերթի փետրվարի 26-ի համարի «Եվրոպան արձագանքեց հայ դատավորների բողոքին» հոդվածը, դիմեց Armlur.am-ին՝ հայտնելով իր բողոքն ու դժգոհությունները Հայաստանի կառավարման և դատական համակարգից:

«Հոդվածում խոսվում է այն մասին, որ հայաստանյան մի շարք դատավորներ, դժգոհելով իրենց չգնահատված կարգավիճակից ու ապագայի նկատմամբ ունեցած անապահովության զգացողությունից, դիմում էին գրել համաշխարհային ու եվրոպական դատավորների միությանը: Դատավորները մտածել են, որ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով վտթարանալու է իրեն փաստացի և իրավական դրությունը: Իհարկե լավ է, որ դատավորները պայքարում են իրենց իրավուքների համար և վկայակոչում են ՀՀ Սահմանադրությունը»,- նշեց Մարգարյանը՝ հավելելով, որ ինքն էլ, դատավորների պես, վկայակոչել ՀՀ Սահմանադրությանը, դիմում էր ներկայացրել վարչական դատարան արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքի պաշտպանության համար:

Մարգարյանը համոզված է, որ անթույլատրելի է այն իրավունքների սահմանափակումը կամ վերացումը, որոնք ամրագրվել են նախկինում գործող նորմերի վրա:

«Տարիքային արտոնյալ աշխտանքային կենսաթոշակի իրավունք ունեն այն անձինք, ովքեր երբևէ աշխատել են ՀՀ Կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված արտադրություններում: Ես 11 տարի 3 ամիս աշխատել եմ Քիմիայի ինստիտուտում՝ մտածելով ապագայի մասին, որ կկարողանամ օգտվել արտոնյալ պայմաններով թոշակից, սակայն ինձ մերժեցին ու ասացին, թե օրենքը փոխվեց, աշխատածդ հեչ էղավ: Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ պարտադիր կուտակայինով թոշակները մարդիկ կստանան 24 տարի հետո: Իմ օրինակը թող դաս լինի միամիտներին»,- շարունակեց Մարգարյանը:

Կրկին անդրադառնալով «Ժողովուրդ»-ի վերոնշյալ համարին՝ Մարգարյանը հարց ուղղեց դատավորներին՝ ասելով՝ հարգելի դատավորներ, առանց ներքին հրահանգը հաշվի առնելու, փորձեք եղած օրենքներով պաշտպանել Ձեր իրավունքները դատական կարգով: «Հետաքրքիր է՝ Ձեզ մոտ ի՞նչ կստացվի»,- եզրափակեց Մարգարյանը:

Տաթև Հարությունյան




Լրահոս