Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանության առաջիկա մենամարտն անցկացնելու է մայիսի 3-ին Բեռլինում: Արթուր Աբրահամի (39-4, 28 նոկաուտ) մրցակիցը Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոցան է (26-1, 8 նոկաուտ):
Հիշեցնենք, որ մարտի 1-ին կայացած Արթուր Աբրահամ-Ռոբերտ Շտիգլից 3-րդ մենամարտում մեր հայրենակիցը հաղթեց մրցակցին՝ վերադարձնելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Armlur.am-ի զրուցակիցը աշխարհի հայազգի չեմպիոնն է:
-Արթուր, այս պահին որտե՞ղ եք, ինչո՞վ եք զբաղված, կարողացա՞ք լավ հանգստանալ Ռոբերտ Շտիգլիցի հետ կայացած ծանր մենամարտից հետո:
-Ներկայումս Բեռլինում եմ, արդեն սկսել եմ մարզումներս Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզադահլիճում: Շատ լավ հանգստացա Իտալիայի Վենետիկ քաղաքում: Այցելեցի մշակութային հուշարձաններ, Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանություն: Հանգստի ընթացքում նաեւ երկար քնեցի, ինչն ինձ համար հանգստի բաղկացուցիչ մաս է: Հրաշալի հանգիստ էր, եւ ես շատ գոհ եմ:
-Սովորաբար մենամարտից հետո գալիս եք հայրենիք, սակայն Շտիգլիցին հաղթելուց հետո չեկաք: Հայաստան գալո՞ւ եք:
-Քանի որ հաջորդ մենամարտին քիչ ժամանակ է մնացել, բնական է, հայրենիք չեկա: Հայաստան կգամ մայիսի 3-ի մենամարտից հետո:
-Արդեն հայտնի է Ձեր առաջիկա մրցակցի անունն ու նաեւ մենամարտի օրը` մայիսի 3-ը: Ի՞նչ կասեք Նիկոլա Սյեկլոցայի մասին:
-Անկեղծ ասած, շատ բան չգիտեմ Նիկոլա Սյեկլոցայի մասին: Դեռ չեմ դիտել նրա մենամարտերի տեսագրությունները, պետք է դիտեմ եւ միայն այդ ժամանակ կարող եմ կարծիք հայտնել, թե նա ինչպիսի բռնցքամարտիկ է, ինչպիսի մրցակից:
–Երբվանի՞ց եւ որտե՞ղ եք նախապատրաստվելու մենամարտին:
-Արդեն նախապատրաստվում եմ. օրական երկու անգամ մինչեւ երեք ժամ տեւողությամբ մարզումների մեջ եմ:
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ