Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի այցը Պակիստան հնարավորություն է ընձեռել քննարկելու երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները, ինչպես նաև կարծիքներ փոխանակելու տարածաշրջանում և աշխարհում արդի իրադարձությունների շուրջ։ Այս մասին շաբաթական մամուլի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պակիստանի ԱԳՆ խոսնակ Մումթազ Զահրա Բալոչը։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը տնտեսության, մշակույթի և անվտանգության ոլորտներում, ինչպես նաև փոխակերպել Պակիստանի և Իրանի սահմանը խաղաղության, բարեկամության և բարգավաճման սահմանի»,- ասել է Բալոչը։
Նշվել է, որ Իսլամաբադը և Թեհրանը մտադիր են առաջիկա հինգ տարում ավելացնել տարեկան առևտրաշրջանառությունը մինչև 10 միլիարդ դոլար: Բացի այդ, կողմերը պատրաստակամություն են հայտնել փոխգործակցություն հաստատել Գվադար և Չաբահար նավահանգիստների միջև։