Երեկ Վրաստանի խորհրդարանի դիմաց իրավիճակը թեժ և լարված է եղել։ Ոստիկանությունն ու հատուկ ջոկատայինները ցուցարարներին հեռացրել են Վրաստանի խորհրդարանի շենքից, որտեղ երեքշաբթի օրը տեղի է ունեցել հերթական հանրահավաքը՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի, որը հայտնի է Օտարերկրյա գործակալներ անվամբ, խորհրդարանն այն քննարկում էր երկրորդ ընթերցմամբ։
Երեկ խորհրդարանականները չհասցրին ավարտել օրինագծի քննարկումը և այն տեղափոխեցին չորեքշաբթի՝ այսօր։
Հանրահավաքի մասնակիցներին սկզբում Վրաստանի ՆԳՆ-ն կոչ էր արել ապաշրջափակել ելքերը շենքից, որից հետո սկսվեցին ձերբակալությունները։ Միաժամանակ ոստիկանությունը սկսել է պղպեղի սփրեյ կիրառել ցուցարարների դեմ՝ փորձելով նրանց հեռացնել խորհրդարանի ծառայողական մուտքից։
«ՆԳՆ-ն գործող օրենսդրությանը համապատասխան հատուկ միջոցներ է կիրառել։ Հանրահավաքի մասնակիցները բանավոր և ֆիզիկական բախման մեջ են մտել իրավապահների հետ և տարբեր առարկաներ նետել նրանց ուղղությամբ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կտրուկ դատապարտել է ՆԳՆ-ի գործողությունները։
«Թբիլիսիում շարունակվում է խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի միանգամայն անտեղի, անհիմն և անհամաչափ կիրառումը», – գրել է նա X սոցիալական ցանցում (նախկինում Twitter): – Ամբողջ պատասխանատվությունն ընկնում է բացառապես կառավարության վրա. Վրաց ժողովրդին զրկում են խաղաղ ցույցի իրավունքից»։
Տեղական ժամանակով կեսգիշերին դեպքի վայրում գտնվող լրագրողները հայտնել են, որ ոստիկանները սկսել են ցրել ցույցը՝ օգտագործելով արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:
Բախումների ընթացքում 20 և ավելի մարդ դիմել է հիվանդանոց՝ բժշկական օգնություն ստանալու համար։