Մենք տեսնում ենք, թե ոնց է մարտի 1-ի թեման քաղաքական ձևով օգտագործվել. Թևան Պողոսյանը՝ նոր փորձաքննությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության: Այս մասին Հանրային ՀԸ եթերում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Ըստ դատախազի՝ մարտի 1-ի գործում, մեկ առաջընթաց ևս կա: Նա հայտնեց, որ այս պահին ակնկալում են, որ Սահմանադրական դատարանը կքննարկի, և ի վերջո կպատասխանի այն հարցին, թե իրենք կարող են 3 բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ովքեր նախկինում 301 պրիմ հոդվածով էին մեղադրվել՝ վերաորակել մեղադրանքը:
Հիշեցնենք, որ ՍԴ-ն արգելք էր դրել հետագայում այդ մեղադրանքը շարունակել:

«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի մասին խոսեց քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ, ով ասաց.

«Խնդիրն այն է, որ նախկինում քննողներին ասում էին, որ քաղաքական են քննում, այս ժամանակվա քննողներին ևս նույնն են ասում: Գործող իշխանություններն այսօր չեն կարողանում համոզել հանրությանը, որ իրենք ավելի արդար են: Մինչև կգա մի իշխանություն, որի արած գործողությունները կամ քննությունները այլևս չեն հարուցի հանրության մեջ կասկած՝ որ ինչ արվում է, քաղաքական է արվում:

Հիմա չգիտեմ, գտել են նոր փամփուշտ. արդար են անելու, թե ոչ՝ բայց կողքի եղած գործողությունները ձևավորել են մի իրավիճակ, որտեղ այլևս հավատալ, որ չկա քաղաքական էլեմենտ՝ ոչ նախկին իշխանություններին է հաջողվել, ոչ էլ ներկա:
Եթե չկա վստահություն, ինչ համոզմունքի մասին է խոսքը. չեմ կարող ասել՝ արդյոք բոլոր փաստերը կան, թե ոչ: Մենք տեսնում ենք, թե ոնց է մարտի 1-ի թեման քաղաքական ձևով օգտագործվել: Միգուցե տարիներ հետո կլինի հնարավորություն բացահայտումներ անելու և մեծ վստահություն կներշնչի: Հիմա վարած քաղաքականությունները գլոբալ իմաստով չեն բերում մի իրավիճակ, որտեղ կարող ենք մտածել, որ Հայաստանում արդարադատությունն արդար է և կասկած չի հարուցում հանրության մոտ:

Մեղավոր է համարվում նա, ով անցել է արդար դատական համակարգի միջով և դատարանի որոշմամբ, իսկ այսօր մենք տեսնում ենք, թե դատարանների վիճակը ինչպիսին է:
Կբացահայտվի, թե ոչ՝ իմ համար կլինի բացահայտնում, երբ ունենանք արդար դատական համակարգ և իրենց որոշումը բոլորիս համար կլինի ընկալելի: Այդ ժամանակ կարող ենք ասել, որ հասել ենք այդ կետին:
Արդյո՞ք Հայաստանը երբևէ կհասնի այդ կետին. 2018-ին օրինակ շատ մեծ հույսեր կային, իսկ հիմա ոչ»:




Լրահոս