ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄՆԱՑԵԼ Է ԱՆՊԱՇՏՈՆ
Կարեն Կարապետյանը ռուսական «Գազպրոմ» ընկերությունում ոչ մի պաշտոնի դեռ չի նշանակվել: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնել են ընկերության տեղեկատվության դեպարտամենտից: «Դուք ճիշտ չեք տեղեկացված: Նա ավելի շուտ ձեզ մոտ է նշանակված ինչ-որ պաշտոնի, եւ ոչ թե մեզ մոտ»,-հայտարարել է  դեպարտամենտի աշխատակցուհին:  

ՀԻՄԱ ԷԼ «ՀԵՏՔ»-ԻՆ
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել «Հետք»-ի թղթակից Ադրինե Թորոսյանի դեմ Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցը` պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին: Որպես պատասխանող ներգրավված է «Հետք» շաբաթաթերթը:

ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԲՈՒՍԻԿ Է
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը համոզված է, որ Արեւմուտքին չի հաջովի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացից վերջնականապես դուրս մղել Ռուսաստանին, որքան էլ նրա այդ ցանկությունը մեծ լինի: «Միշտ ամեն ինչ սկսվում է շոշափելուց, եւ Արեւմուտքը կամաց-կամաց մոտենում է հարցի բուն էությանը: Հարցը շատ խրթին է, եւ թե ինչպիսի հակահարված կլինի Ռուսաստանի կողմից,  հայտնի չէ: Բայց ես մի բան գիտեմ. եթե Ռուսաստանն ինչ-որ ընթացք լուռ է, պետք է սպասել, որ ինչ-որ պահի շատ ակտիվ բան է անելու»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է  Կարապետյանը:

ՕԳՆԵԼ Է ՀԱՆՑԱԳՈՐԾԻՆ
Երեկ կալանավորվել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության ՀԿԳ ավագ օպերլիազոր Մ.Բաղդասարյանը: Նա մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ: Մասնավորապես, ավագ օպերլիազորն իր պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ. շուրջ երկու տարի իմանալով հետախուզվող Տ.Հ.-ի գտնվելու վայրը` միջոցներ չի ձեռնարկել նրան կալանավորելու ուղղությամբ: Ավելին, իր խորհուրդներով աջակցել է նրան` իրավապահ մարմիններից թաքնված մնալուն: Վերջինս, ազատության մեջ մնալով, կատարել է նոր հանցագործություն:




Լրահոս