«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ»-Ը` ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՄՈ՞ՒՇ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ  «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ «Աղբ եթերից» մրցանակաբաշխության հինգերորդ հաղթող է ճանաչվել Հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվական» («Հայլուր») հաղորդաշարը` քաղաքացիների կողմից վճարած հարկերի հաշվին աշխատելով հանդերձ, անաչառ ինֆորմացիա ապահովելու փոխարեն տարիներ շարունակ իշխանությունների գովքը կատարելու եւ հասարակության լայն խավերին ակնհայտ կողմնակալ ինֆորմացիա հրամցնելու համար: «Չենք լռելու»-ն այս անգամ խախտում է «Աղբ եթերից» մրցանակաբաշխության կանոնները եւ «Հայլուր»-ը կողմնակալ աղբից մաքրելու համար 100 դրամ չի ուղարկում Հանրային հեռուստաընկերության ղեկավարությանը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաղորդաշարը գոյատեւում է նաեւ «Չենք լռելու» նախաձեռնության անդամների մուծած հարկերի հաշվին:

ՀԱՐՑ. Տեղին է արդյո՞ք «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշումը, որով Հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվական»-ը ճանաչվել է «Աղբ եթերից»:

ՊԱՏԱՍԽԱՆ. Կարծում եմ, որ նման որոշումը ոչ մի կերպ տեղին չէ, քանի որ «Առաջին լրատվական» ծառայությանը ոչ մի մրցանակ չի հանձնվել: Մենք անգամ չգիտենք, թե մրցանակն ինչ տեսք ու ձեւ ունի: Եթե այդ խմբում կա համալսարանական կրթության տեր գեթ մի անձնավորություն, ապա պատրաստ ենք անկեղծորեն, ամենայն լրջությամբ  ուսումնասիրել իրենց մասնագիտական հիմնավորումը եւ մեր աշխատանքների կազմակերպման առումով, որպես Հանրային հեռուստատեսություն, անել համապատասխան  հետեւություններ:

ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆ
Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական  հաղորդումների տնօրեն

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղին եմ համարում նախաձեռնության որոշումը, շատ լավ են արել, թող ամեն օր նրանց տան նման մրցանակներ, որովհետեւ էդպիսին է էդ հեռուստաընկերությունը: Այն մեր հարկատուների միջոցներով ամեն օր, փոխանակ նորմալ հեռուստահաղորդումներ հրամցնի, եթեր է հեռարձակում անորակ հաղորդումներ: Նրանք, փոխանակ ժողովրդի ձայնն ու կարծիքն արտահայտեն, զբաղված են այլ գործերով: Էնպես որ, մրցանակն իրոք արժանի է տիրոջը:  

ՄՅԱՍՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՀԱԿ անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ճիշտն ասած, տեղյակ չեմ ո՛չ շարժման, ո՛չ էլ մրցանակի սահմանման մասին, թե ինչ ծրագրեր ունի, քանի որ նոր եմ վերադարձել Գերմանիայից: Բայց պետք է ասեմ, որ նման ձեւակերպումն ինքնին ոչ քաղաքակիրթ ձեւակերպում է, քանի որ «Առաջին լրատվական»-ը բարոյականության նմուշ է` իր բոլոր թերություններով ու առավելություններով հանդերձ: Եթե ասելիքս ձեւակերպեմ մեկ նախադասությամբ, պետք է ասեմ, որ ինձ լիովին բավարարում է «Առաջին լրատվական»-ի տեղեկատվությունը, քանի որ վերջինս կարողանում է քաղաքացիներին իրազեկված պահել, ինչպես եւ մյուս հեռուստաընկերությունները:

ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ
ՀՀ գրողների միության նախագահ
 Պատրաստեց ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ




Լրահոս