
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովում հիասթափություն է հայտնել Վրաստանում ընթացող զարգացումների կապակցությամբ:
«Ես անկեղծորեն հույս ունեմ, որ Վրաստանի իշխանությունները լույս կսփռեն իրենց մտադրությունների վրա: Բայց եթե նրանք ցանկանում են մերձենալ Եվրամիությանը, եթե ցանկանում են միանալ ԵՄ-ին, նրանք պետք է հարգեն օրենքի գերակայության և ժողովրդավարության հիմնարար սկզբունքները»,- հայտարարել է Միշելը:
Նրա խոսքով՝ ամիսներ առաջ Վրաստանին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ շնորհելու գաղափարը Եվրոպական խորհրդում չի վայելել երկրների մեծամասնության աջակցությունը: Սակայն աշխատելով Վրաստանի իշխանությունների հետ՝ մի քանի երկրների առաջնորդներ համոզել են, որ կարգավիճակի շնորհումը ճիշտ որոշում է:
«Իսկ մի քանի շաբաթ անց մենք հետևում ենք այդ օրենսդրությունն ընդունելու փորձերին»,- ասել է Միշելը: