«ՍԱ ՀՈՂԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը Կառավարության շենքի դիմաց զրուցել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ։ Նա մեզ հետ զրույցում նշեց, որ ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։

-Պարո՛ն Աբրահամյան, երեկ հայտնի դարձավ, որ հերթական անգամ հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ներկայացուցիչները, եւ, ըստ էության, քննարկվել է, թե ինչպես է գործընթացն արվելու առաջիկա 8-9 օրերի ընթացքում։ Տեղակայվելու են սահմանապահները, եւ շեշտում են, որ վերջնարդյունքում սահմանն ունենալու է այնպիսի տեսք, ինչպիսին 1976 թվականի քարտեզում է. ի՞նչ է սա ենթադրում։
-Նախ՝ իմ տպավորությամբ՝ Հայաստանի իշխանությունը Ադրբեջանի հետ համաձայնություն ունենալու համար պատրաստ է բոլոր հնարավոր եւ անհնար զիջումներին, բայց այն զիջումները, որոնք այսօր արվում են Ադրբեջանին, ամբողջապես, երկարաժամկետ կտրվածքով չեն կարող ապահովել մեր տարածաշրջանի եւ հատկապես՝ Հայաստանի Հանրապետության երկարատեւ խաղաղությունը եւ կայունությունը, քանզի զիջումների այդ ծավալը, որը ՀՀ իշխանությունները փորձում են ներկայացնել որպես հաստատված կամ ճանաչված սահման, այնպես չէ, որ միանշանակ է եւ հետագայում մեզ համար ապահովելու է երկարատեւ խաղաղություն։ Ինչու եմ ասում սա, որովհետեւ Ադրբեջանական ագրեսիաները, որոնք եղել են Արցախի կամ Հայաստանի Հանրապետությունների դեմ, որեւէ փուլում չեն հայտարարվել, թե տեղի են ունենում, որովհետեւ Ադրբեջանի համար դա կարեւոր է, կամ լեգիտիմ? դրանք մշտապես փորձել են ներկայացվել որպես հակաքայլեր, գործողություններ, որոնք իրականացվել են՝ կանխելու հայկական կողմի ագրեսիան։ Այնպես որ, եթե Ադրբեջանը նպատակ ունենա որեւէ ագրեսիայի դիմելու, դրա համար միջոցներ կգտնի։ Նույն տրամաբանությամբ՝ կարող ենք համեմատել Ջերմուկի վրա տեղի ունեցած հարձակումը, որի ժամանակ 7.5 կմ առաջ եկավ Ադրբեջանը. ակնհայտ էր բոլորի համար, որ ադրբեջանական զորքերը գտնվում էին հայկական ինքնիշխան տարածքում, հետեւե՞ցին դրան քայլեր՝ բացի քննադատություններից, իհարկե՝ ոչ. եղան հայտարարություններ, որոնք որեւէ առարկայական քայլի չհանգեցրին։ Այնպես որ, Հայաստանի իշխանությունների պնդումները, թե մենք, թեպետ անհամեմատելի զիջումների միջոցով, բայց ստանում ենք միջազգայնորեն ճանաչված սահման, եղած տրամաբանության մեջ որեւէ կերպ չի տեղավորվում։
Երկրորդ՝ ինչ վերաբերում է Ձեր կողմից նշած քարտեզին, ասեմ, որ առաջնորդումը գլխավոր շտաբի քարտեզներով է։ Իշխանությունները մեկնաբանությունների ձեւով փորձում են ներկայացնել, որ դա ամենաբարձր լեգիտիմություն ունեցող քարտեզն է իրավաբանական ուժի տեսանկյունից, ինչը չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ Խորհրդային օրենսդրությունը նախատեսում էր, որ Խորհրդային հանրապետությունների միջեւ սահմանային ճշգրտումները տեղի ունենան այդ հանրապետությունների միջոցով, ոչ թե ԽՍՀՄ, օրինակ, կենտրոնական մարմինների միջոցով, իսկ Խորհրդային միության գլխավոր շտաբի քարտեզը միության կենտրոնական մասշտաբով քարտեզ է։ Եղել են նաեւ այլ քարտեզներ, ինչպես 1969 թվականի՝ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի քարտեզը երկու հանրապետությունների միջեւ, եղել են 1984, 1988 թվականների քարտեզներ եւս, ու այս տեսանկյունից իշխանության պնդումները 1976 թվականի քարտեզի, այպես կոչված, ամենալեգիտիմը լինելու վերաբերյալ, չեն համապատասխանում իրականությանը։
Երրորդ խնդիրը՝ դելիմիտացիայի գործընթացին եւ դրա տրամաբանությանն է վերաբերում. սահմանազատումն իրականացնում են ամբողջությամբ, այսինքն՝ մինչեւ քարտեզի վրա աշխատանքը չավարտվի, եւ կողմերի, այդ թվում՝ երկու հասարակությունների համար հստակ չլինի, թե սկզբունքը որն է եղել տվյալ իրավիճակում, այդ գործընթացը չպետք է իրականացվի։ Մենք ինչ իրավիճակ ունենք. Հայաստանն ու Ադրբեջանը, ենթադրյալ օրակարգով, սահմանել են տեղային դելիմիտացիա՝ կոնկրետ հատվածներում, Ադրբեջանը ընտրել է տվյալ հատվածը, որովհետեւ այդ տեղով փորձում է ապահովել իր ռազմավարական մխրճումը Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ այս տեսանկյունից սա ոչ թե դելիմիտացիա է, այլ նման է Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ համաձայնության՝ միակողմանի տարածքներ հանձնելու մասով։
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

ԾՆՈՂՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԾԱՆՐՈՑ ՈՒՂԱՐԿԵԼ
01.05.2018 թվականին, ելույթ ունենալով Հանրապետության հրապարակում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.

«Առանձնահատուկ կարեւորություն եմ տալիս՝ հայոց բանակի ժամկետային զինծառայողների ծնողների վրա հավելյալ հոգսեր բարդելու պրակտիկան շատ արագ վերացնելուն, եւ իմ առաջին հանձնարարականը պաշտպանության նախարարին լինելու է արագ եւ անհետաձգելի միջոցներ ձեռնարկել, որպեսզի բացառվի բանակում ծառայող որեւէ զինվորի կարիքի բավարարումը նրան բանակ ուղարկած ծնողի վրա դնելը»:
Ընդհանրապես, «տռուսիկ-մայկաները» բանակ չուղարկելու մասին Փաշինյանը շատ է խոսել: Բայց, հակառակ դրան, մամուլը պարբերաբար գրում է փաստեր, որ զինվորների ծնողները շարունակում են ծանրոցներ ուղարկել։
Հատկապես 44-օրյա պատերազմից հետո այդ խնդիրն ավելի սուր է բարձրացված, քան նախկինում էր։ Ծնողները մշտապես ահազանգում են, որ ստիպված են ամեն ինչ ուղարկել երեխաներին՝ հագուստ, սնունդ, հիգիենայի պարագաներ, կանխիկ գումար եւ այլն։
«Ժողովուրդ» օրաթերթը հիշեցնում է՝ 20.12.2023 թվականին Նորատուս համայնքում բողոքի ակցիայի մասնակից ձկնորսները պնդում էին, որ ստիպված են զինվոր որդիներին ամեն ամիս գումար եւ պարագաներ ուղարկել, քանի որ, ըստ իրենց, «պետությունը ոչինչ չի տալիս»։
Այլ կերպ ասած՝ Փաշինյանը խաբել է:

ՇԱՐԺՄԱՆ ՈՐՈՇ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ ԿԻՐԱՆՑՈՒՄ ԵՆ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնել են Կիրանց` իրավիճակին տեղում ծանոթանալու համար: Այս մասին հայտնում են շարժումից։
Կիրանցի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց, որ Կիրանցի հատվածում կարող են խնդիրներ լինել։
Հիշեցնենք՝ հայկական ու ադրբեջանական հանձնաժողվները մայիսի 15-ին համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածների համատեղ կազմված արձանագրություն-նկարագրությունը։
Նշենք՝ Կիրանցում իրավիճակի լարվածության եւ բնակիչների կողմից միջպետական ճանապարհի փակման պատճառով ոuտիկանական nւժեր են հավաքվել կիրանցեցիների դեմ։
Նրանք դժգոհ են մայիսի 16-ին հրապարակված սահմանազատման արդյունքներից։
Հիշեցնենք, որ վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի սահմանապահները կտեղակայվեն առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում՝ ավելի ուշ, որովհետեւ այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման:
Կիրանցի համայնքապետ Կամո Շահինյանը մանրամասներ է հայնել, թե ինչու է Ազգային անվտանգության ծառայությունը գնացել իր մոտ։

ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿՀԱՂԹԱՀԱՐՎԻ
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջեւ առկա իրավիճակը կհաղթահարվի։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով փոխարտգործնախարար Պանկինի հայտարարությունը։
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարարը նաեւ հավելել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում վստահելի դաշնակիցներ ունի՝ չնայած տարաբնույթ հայտարարություններին եւ շրջանառվող ասեկոսեներին։
«Հուսով ենք, որ մենք կհաղթահարենք այս պահը, եւ մեր հայ դաշնակիցները, որոնք հանդիսանում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, ովքեր չեն հայտարարել ո՛չ ավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու, ո՛չ էլ ՀԱՊԿ-ի հետ խզման մասին, կկարողանան լինել միասնական կազմավորման մեջ». – հայտարարել է Պանկինը «Ռուսաստան- Իսլամական աշխարհ. Կազանֆորում» միջազգային տնտեսական ֆորումի ընթացքում։




Լրահոս