Armenian text to speach

Բրյուսովում կաշառք, փողոցում՝ ՔՊ-ի բուկլետներ․ ի՞նչ է անում պրոռեկտոր Գևորգ Հակոբյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը հայտնվել է հերթական աղմկահարույց կոռուպցիոն սկանդալի կենտրոնում, բուհի պրոռեկտոր Գևորգ Հակոբյանը Երևանի փողոցներում իշխանական քարոզչությամբ է զբաղված։

Մի կողմում Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունն է, ըստ որի՝ համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք ձերբակալվել են կաշառք տալու և ստանալու մեղադրանքով։ Մյուս կողմում նույն համալսարանի պրոռեկտորն է՝ մարդկանց ՔՊ-ի բուկլետներ բաժանելիս, ժպտալիս, ձեռք սեղմելիս ու քաղաքական քարոզչական նյութեր փոխանցելիս։

Ակամա հարց է առաջանում՝ ի՞նչ է կատարվում Բրյուսովի համալսարանում։

Հակոբյանի կոստյումին էլ՝ Նիկոլ Փաշինյանի բաժանած քարտեզն է։ Եվ այս ֆոնին հասարակության մոտ կասկածներն ավելի են խորանում։ Իհարկե, ոչ ոք չի պնդում, թե պրոռեկտորը կապ ունի կաշառքի գործի հետ։ Բայց երբ նույն բուհում դասախոսներ են ձերբակալվում, իսկ ղեկավար կազմի ներկայացուցիչը այդ ընթացքում իշխանության քարոզարշավով է զբաղված, հարցերը դառնում են անխուսափելի։

Ամենացավալին այն է, որ այս ամենը տեղի է ունենում կրթական հաստատությունում, որտեղ մարդիկ պետք է կրթության, գիտելիքի ու արժեհամակարգի կրող լինեն։ Փոխարենը հանրությունը տեսնում է մի համակարգ, որտեղ մի մասը քրեական գործերով է անցնում, մյուս մասը՝ փողոցային քաղաքական ակտիվիզմով զբաղվում։

Այս ամենից հետո ուսանողը ինչպե՞ս հավատա կրթական համակարգին։ Ինչպե՞ս հավատա համալսարանին, եթե նույն բուհում քննությունները վերածվում են քրեական գործերի, իսկ ղեկավարությունը՝ քաղաքական քարոզչության գործիքի։

Սոնա Գրիգորյան




Լրահոս