Կան պահեր, երբ արվեստագետը պետք է հաղթահարի վախը ու ասի ճշմարտությունը․կինոռեժիսոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի հետ՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին։

-Արդեն տևական ժամանակ է՝ ինչ սրբազան հայրը մայրաքաղաքում է և իրականացում են քայլերթեր, խաղաղ անհնազանդության ակցիաներ։ Ի՞նչ կարծիք ունեք այս մասին, մասնակցո՞ւմ եք։

-Այո, մասնակցում եմ, չնայած ունեմ «ՎԵՐԱ» ֆիլմի հաստատված ժամանակացույց, որը անընդհատ վերաձևում ենք՝ շարժմանը ֆիզիկապես մասնակցելու համար, ինչից տուժում են բազմաթիվ մարդիկ, բայց թիմը միակամ է, առայժմ չեն ըմբոստանում դրա դեմ։

Ես կուզեի ավելի ակտիվ ներգրավված լինել, բայց այն, ինչը մենք անում ենք «ՎԵՐԱ» ֆիլմով, վստահաբար, պակաս կարևոր չէ մեր հայրենիքի համար, Արցախի, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների՝ իրենց պապերի, ապուպապերի, մի ամբողջ հավերժություն իրենց պատկանող հողի վրա ապրելու  իրավունքի վերականգնման համար։ Ի դեպ, մինչ այս պահը, մենք Հայաստանում անում ենք «ՎԵՐԱ» ֆիլմը միանգամայն միայնակ, առանց աջակցության, ինչը չափազանց բարդ բան է կինոարտադրության մեջ, գրեթե անհնար։ Սա փոքր դրվագ է, աննշան մի խազ, երկրում տիրող կառավարման քաոսի մեջ, բայց այն, որ մենք այսպիսի բացառիկ կինոմատոգրաֆիական ազդեցիկ պատմություն կերտելով, նման հզոր զենք ստեղծելու ճանապահին չունենք աջակցություն սեփական երկրում, դա մեր երկրի չկայացվածության, ապաշնորհ կառավարման մասին է, այնպես որ՝ մեր թիմն ու ես, Բագրատ Սրբազանի կողքին ենք՝ պայքարի առաջին օրից, մենք նույն բանի համար ենք պայքարում։

-Սրբազանի շարժմանը միացել են արվեստի շատ ներկայացուցիչներ, մտավորականներ և այլք։ Ինչքանո՞վ է կարևոր մտավորականության և արվեստի ներկայացուցիչների ներգրավվածությունը այս շարժմանը։

-Մշակութային գործիչ բառի բովանդակությունը շատ խրթին է, ես կխոսեմ ավելի հստակ խմբի՝ արվեստ արարողների, արվեստագետների մասին։ Ցանկացած երկրի պատմության մեջ լինում են բարդ շրջափուլեր, երբ արվեստագետը, ստեղծագործելուց զատ, պետք է նույն տաղանդով, նույնքան շնորհալի ձևավորի և արտահայտի քաղաքացիական կամ քաղաքական բովանդակաթյուն։

Դրա համար նա արժանանալու է հալածանքի, որովհետև իշխանություն ունեցողները և ընդհանրապես հասարակության պահպանողական շերտերը միշտ սարսափում են անկեղծ, ուղիղ, շնորհալի խոսքից։ Իմ ընկեր, կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը ճշմարտությունը բարձրաձայնելու համար վճարեց կյանքով։ Իմ ֆիլմերը վեց երկար ու ձիգ տարիներ զրկված են պետական ֆինանսավորումից։ Բայց միևնույն է, կան պահեր, երբ արվեստագետը պետք է հաղթահարի վախն ու ասի ճշմարտությունը։ Ճշմարտությունն այն է, որ մեր հայրենիքը կառավարում են մարդիկ, որոնց մտավոր, բարոյական, մասնագիտական որակները հակասում են իրենց ստանձնած առաքելությանը՝ հայրենիքը կառավարելուն։ Նրանք ապականում են մեր հայրենիքը՝ ներքաշելով մեզ ստի, ատելության, բանսարկությունների, մանիպուլյացիաների սարդոստայնի մեջ, ու մենք տեսնում ենք, որ քաղաքական համակարգը ի զորու չէ կանգնեցնելու իշխանության գլխին կանգնած խմբակին։

Ընդդիմությունը ամբողջ 4 տարի, հասարակության լայն աջակցության պայմաններում անգամ, ի զորու չեղավ ստանձնել իշխող ուժին իշխանազրկելու պատասխանատվություն։ Քաղաքական ուժերի զինանոցը, այդ թվում՝ ֆինանսական, մտավոր, մասնագիտական ռեսուրսները, բավարար չեն իշխանության գլխին կանգնած մեկ մարդուն իշխանությունից հեռացնելու համար։ Գոյաբանական վտանգի դիմաց հայտնված ազգը ստիպված է մոբիլիզացնել իր բոլոր առողջ ռեսուրսները՝ զարգացման բնականոն ընթացքին վերադառնալու համար։

Ու սա է պատճառը, որ հայ ազգի երկու ամենահզոր ռեսուրսները՝ Հայ Առաքելական Եկեղեցին, իր ինստիտուցիոնալ փորձառությամբ, կազմակերպչական ցանցով և հայ ազգային էլիտան՝ արվեստ, գիտություն արարող մարդիկ, լայն իմաստով մտավորականությունը, որոշել են նեցուկ լինել, իսկ գուցե նաև ուղղորդել քաղաքական ուժերին՝ մեր հայրենիքը կորուստների անվերջանալի շրջանից դուրս հանելու համար։

-Ըստ Ձեզ կհաջողվի՞ Բագրատ Սրբազանին հասնել նպատակին։

-Բագրատ Սրբազանը շատ ազդեցիկ քարոզիչ է, լայնախոհ հոգևորական։ Իմ տպավորությամբ, նա խորապես գիտակցում է վտանգը և հասկանում է, որ հաջողության բանալին մեկն է՝ միասնականությունը։ Ցավոք, այդ բանալին մեր հակառակորդի ձեռքում է ու նա կիրառում է իր բոլոր գործիքները՝ մեզ պառակտելու համար։ Մինչ այս պահը Բագրատ Սրբազանը կարողանում է սանձել պառակտման հողմերը ու ցանում է միասնականության սերմեր։ Եթե այդ սերմերը ծիլեր դառնան, մենք կարող ենք փրկվել։ Միսանականություն, հավատ սեփական ուժերի հանդեպ, համբերություն և ճնշում։ Ու խավարը կնահանջի։

Աննա Սրապիոնյան




Լրահոս