Հայաստանում դժվար է քննադատել կինոյի պետական կառավարման մոդելը ու չունենալ խնդիրներ․ կինոռեժիսորը՝ Կինոյին տրվող պետական աջակցության «գռեհիկ» փոշիացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՖԱՀՖ»-ն (Ֆիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիա) հրավիրել է իր առաջին մամուլի ասուլիսը։
ArmLur.am-ը զրուցել է կինոռեժիսոր և պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի հետ, ով «ՖԱՀՖ» ՀԿ խորհրդի կողմից լիազորված անձ է, պարզելու համար, թե ինչի մասին է լինելու ասուլիսը և ինչի մասին են լինելու քննարկվող թեմաները։

Կինոռեժիսորի խոսքով՝ Հայաստանում դժվար է քննադատել կինոյի պետական կառավարման մոդելը ու չունենալ խնդիրներ և Ֆեդերացիայում միավորված են պրոֆեսիոնալներ, որոնք վերջին վեց տարում զրկված են եղել կինոյի պետական կառույցի աջակցությունից։

«Մեր ձայնը այսուհետ լսվելու է էլ ավելի բարձր ու խիստ։ «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան»՝ որպես նախաձեռնություն, հիմնադրվել է 2017թ-ին՝ «Շարժապատկերային Արվեստների կրթական և արդունաբերական կենտրոն»-ի (CINEMA) հենքի վրա, իմ կողմից։ Նախաձեռնությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել հայկական կինոյի մտահոգիչ խնդիրները, հրապարակավ հանդես է եկել կինոյի պետական կառավարման քննադատի և ընդդիմախոսի դիրքերից։

Ինքնին հասկանալի է, որ Հայաստանում դժվար է քննադատել կինոյի պետական կառավարման մոդելը ու չունենալ խնդիրներ։ Ֆեդերացիայում միավորված են պրոֆեսիոնալներ, որոնք վերջին վեց տարում զրկված են եղել կինոյի պետական կառույցի աջակցությունից։ Դա մեզ միայն ամրացրել է, ֆեդերացիայի ներսում ձևավորել է նպատակներին հասնելու հաստատակամության, միմյանց հանդեպ հարգանքի և մասնագիտական փոխօգնության բացառիկ միջավայր։ 2024թ-ի հունվարին, նախաձեռնության 15-րդ հավաքի կողմից կայացվեց որոշում, ու մենք գրանցվեցինք որպես Հասարակական կազմակերպություն։ Ասուլիսը մեզ անհրաժեշտ է հասարակությանը ներկայանալու համար՝ ո՞վ ենք, ի՞նչ ենք արել կինոյում, ի՞նչ նպատակներ ունենք, ի՞նչպես ենք տեսնում հայ կինոարտադրության այս աղետալի շրջափուլից ելքի ուղիները»,- ասաց Գալստյանը։

Ռեժիսորը նշեց, որ ասուլիսի ժամանակ խոսելու են նաև աշխարհի խոշորագույն կինոշուկաներից մեկում՝ Եվրոպական կինոշուկայում վերջերս իրենց գրանցած արդյունքների, 2024-ին խոշոր ինդուստրիալ մյուս միջոցառումներին մասնակցելու իրենց ծրագրերի մասին ու այն մասին, թե ինչ են ակնկալում այդ միջոցառումներից իրենց, իրենց կառույցի անդամների, հայ կինոգործիչների ու հայկական կինոյի համար։

Կինոռեժիսորի խոսքով՝ կա պետական ֆինանսավորում ստացած 68 լիամետրաժ կինոնախագիծ, որոնց մեծ մասը երբեք չի ավարտվելու և սա պետական ֆինանսների փոշիացում է, այսինքն քրեական հանցագործություն։

«2023թ-ին մենք դիմել էինք ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի մեզ տրամադրեն վերջին վեց տարիների պետական աջակցությամբ ֆիլմերի ստեղծման վիճակագրությունը։ Ֆիլմեր ֆինանսավորող կառույցը՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը, երկար համառում էր, սակայն մենք հղում արեցինք «Տեղեկատվության ազատության մասին ՀՀ Օրենքի» պահանջներին ու ի վերջ ստացանք նյութերը՝ բավական խառը, անկազմակերպ, կարելի է ասել փնթի կազմած»,- ասաց Գալստյանը։

Ռեժիսորը նշում է, որ իրենցից 2 ամիս է պահանջվել այդ վիճակագրությունը հասանելի դարձնելու համար և ասուլիսի մի հատվածը նվիրել են դրա լուսաբանմանը։

«Ինչպե՞ս է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վարվել հանրության գումարների հետ։ Որքա՞ն ֆիլմ են ֆինանսավորել և ո՞ր փուլում են դրանք, քանի՞ անգամ է մրցույթներում հաղթել նույն արտադրողը, քանի՞ անգամ է պետական աջակցություն ստացել կինոկենտրոնի տնօրենի պաշտոնակատարի ուսանողական ընկերուհին․․․ Վեց տարվա ընթացքում կուտակվել է մոտ յոթ տասնյակ անավարտ կինոնախագիծ։ Դրանց ճնշող մեծամասնությունը որևէ շանս չունի երբևէ ֆիլմի վերածվելու, որովհետև ավարտվել է դեռ չծնված, զարգացման փուլում։ Կինոյին տրվող պետական աջակցության ավելի գռեհիկ փոշիացում անհնար է պատկերացնել»,- ասաց ռեժիսորը։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք շարունակվելու են մամուլի ասուլիսները, քանի որ սա իրենց առաջին ասուլիսն է, Գալստյանն ասաց․

«Մենք չափազանց կարեվորում ենք լրատվության դերը կինոյի քարացած համակարգը բարեփոխելու ու կինոարտադրությունը մեռյալ կետից շարժելու մեր ծրագրերում։
Մենք լրագրողների հետ մշտական կապի մեջ ենք լինելու, որովհետև պետական կառավարման տասնամյակներով քարացած, վատ բյուրոկրատական համակարգը առանց հասարակական ճնշման անհնար է փոխել։ Սակայն մեր ասուլիսների կառուցվածքը չի սահմանափակվելու առկա խնդիրների, կինոյի տագնապալի վիճակագրության հրապարակմամբ։ Դրան զուգահեռ մենք հասարկությանը ներկայացնելու ենք մեր գործունեությունը, մեր կառույցի անդամների հաջողությունները։
Մենք կողք կողքի ենք դնելու պետական աջակցությամբ աշխատող կառույցի գործունեությունը և մեր՝ պետական աջակցությունից զրկված ու ֆինանսական հոսքեր չունեցող կառույցի անդամների գործունեությունը։ Միայն մեր ակնհայտ ձեռբերումները կարող են պարտադրել ու պարտադրելու են պետական քաղաքականություն իրականացնողներին՝ փոխել վերաբերմունքը կինոյի կառավարման հանդեպ ու հենվել պրոֆեսիոնալների, ոչ թե կառավարման ունակություններից զուրկ, գրագիտությունից բոբիկ կամակատարների վրա»։

Աննա Սրապիոնյան




Լրահոս