125 միլիոն կստանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տիգրան Սարգսյանը երեկ շնորհավորանքի է արժանացել:

Այսպիսով՝ Մարկ Հորթոնը՝ Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարը, 125 միլիոն դոլար արժեցող «երկարաձգվող ֆինանսավորման» ծրագրի նախնական խոստումը շնորհավորանքով է հաստատել:

Փողն արդեն տեղում կարելի է համարել: Իսկ թե ինչպես է այն բաշխվելու՝ սովորականի պես անհայտ է: Համենայն դեպս, կառավարության աղբյուրները չեն շտապում գումարի տեղաբաշխման մասին տեղեկատվություն տարածել: Ինչ խոսք, Տիգրան Սարգսյանն ու Մարկ Հորթոնը միայն տեղ հասած 125 միլիոնի մասին չեն խոսել: Վարչապետը վստահություն է հայտնել, որ հաստատված նոր ծրագիրը հաջողությամբ կիրականացվի, ինչպես նախորդը: Սրանով փողի շուրջ խոսակցությունն ավարտվել է, զրույցը՝ շարունակվել: Մինչեւ անգամ Հայաստանի տնտեսությամբ ներկայիս վիճակն է քննարկվել, նույնիսկ դրա զարգացումն է հնարավոր համարվել: Տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների թեման, որ շարքայիններից է, նույնպես չի շրջանցվել: Մարկ Հորթոնն ընդգծել է ՀՀ-ում կենսաթոշակային բարեփոխումների կարեւորության փաստը եւ ԱՄՀ-ի անունից պատրաստակամություն հայտնել օժանդակել դրանց ընթացքին:

Ի դեպ, նախքան Տ. Սարգսյանին հանդիպելը Մ. Հորթոնը հայտարարել է, որ իրենք Հայաստանի կառավորության վրա կենսաթոշակային բարեփոխումների իրականացման հարցում ճնշումներ չեն գործադրել: Այս բարեփոխումները Հայաստանում նրա դիտարկմամբ նախապատրաստվել են տարիների ընթացքում: ԱՄՀ ներկայացուցիչն այսպիսով հասկացրել է, որ իրենց ձեռքերը մաքուր են ու հին թե նոր փողերը ՀՀ կառավարությունն է տնօրինում:

Դավիթ Վանեսյան




Լրահոս