Հայտնի «ֆինանսական բուրգի» գործով դատապարտյալ Արթուր Անդրեասյանի շահերն այսուհետ կպաշտպանի փաստաբան Մնացական Սարգսյանը: Այս մասին Armlur.am-ին հայտնեց դատապարտյալի մայրը` Փառանձեմ Անդրեասյանը, ում փոխանցմամբ ` արդեն նախկին փաստաբան Համազասպուհի Գրիգորյանի և իր որդու համատեղ համաձայնությամբ են եկել այդ որոշմանը:
Նշենք, որ երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստի ժամանակ դատապարտյալ Անդրեասյանը հայտնել էր դատարանին, որ հրաժարվում է իր պաշտպանի ծառայություններից:
Armlur.am-ի հետ զրույցում դատապարտյալի մայրը հայտնեց, որ երեկվա նիստին Անդրեասյանը մի կերպ փորձում էր տիրապետել իրեն, քանի որ ներկա էր նաև Ղարաբաղում ծառայող իր որդին:
«Տղաս չէր ցանկանում, որ օտպուսկ եկած թոռս նեղվի կամ իրեն վատ զգա: Շատ վիրավորական և նվաստացուցիչ էր դատավոր Գագիկ Պողոսյանի հեգնական վերաբերմունքը տղայիս հանդեպ: Տղայիս չխոսելուն նա քմծիծաղով էր վերաբերվում»,- նշեց Փառանձեմը ` հավելելով, որ, ի տարբերություն դատավորի, դատախազն իրեն մի փոքր ավելի կոռեկտ էր պահում:
Ավելի վաղ Armlur.am-ը հայտնել էր, որ Ֆինանսական բուրգի գործով դատապարտյալ Արթուր Անդրեասյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, ինչը բազմիցս փաստել են նաև բժիշկները: Այս փաստը, սակայն, դատապարտյալի մոր փոխանցմամբ, չեն ցանկանում ընդունել ոչ դատավորը, ոչ դատախազը:
Դատապարտյալ Անդրեասյանի մոր խոսքերով ` ամեն անգամ որդուն շտապ օգնության մեքենայով են տեղափոխում դատարան ` մի կերպ քարշ տալով: Նրա համար անհասկանալի է, թե ինչու չեն փոխում որդու խափանման միջոցը, այն էլ այն դեպքում, երբ որդին ամեն վայրկյան կարող է մահանալ:
«12 տեղանոց խցում 18 հոգով են մնում: Ո՞նց պետք ա լինի էրեխուս վիճակը: Ամեն օր բռերով դեղ ա խմում, որ կարողանա դիմակայի: Նախագահին էլ եմ դիմել մի քանի անգամ, բայց ոչ մեկի պետքն էլ չի: Բան չունեմ ասելու ` թող դատապարտեն, բայց գոնե խափանման միջոցը փոխեն, որ բուժվի: Որ 6 ամիս չի փախել, հիմա էս անճար վիճակում ո՞նց պիտի փախչի»,- հուսահատված ասաց Փառանձեմը:
Տաթև Հարությունյան