Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը քիչ առաջ հայտնեց, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը քիչ առաջ բավարարեց պաշտպանության կողմի բողոքը եւ Արթուր Սուքոյանի նկատմամբ կիրառեց տնային կալանք։
Հիշեցնենք, որ Արթուր Սուքոյանը ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականն է, որը կալանավորվել էր Civic.am կայքի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի գործով։
2024թ․ ապրիլի 30-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՀՀ ազգային Ժողովի բակում Civic.am լրատվական գործակալության լրագրող Դավիթ Լևոնյանին է մոտեցել ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկի օգնական Ա․Ս․-ն, ով քաղաքական հարցերի շուրջ, Դ․Լևոնյանի կողմից որպես լրագրող երկու օր առաջ հրապարակված տեսանյութի կապակցությամբ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել նրա հասցեին և մեկ անգամ ձեռքով հարվածել է դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Ըստ հաղորդման՝ հարվածից լրագրողը վայր է ընկել, որի հետևանքով վնասվել է նրա ձեռքին եղած տեսախցիկը։