Ահազանգ. «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն»-ի գիտատեխնիկական գրադարանը նոր փաստարկներ է ներկայացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթներ առաջ Էկոնոմիկայի ենթակայության տակ գործող «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն»-ի գիտատեխնիկական գրադարանի աշխատակիցները ArmLur.am-ին ահազանգել էին, որ գրադարանը փակում են: Այդ հարցով մենք զրուցեցինք և՛ գրադարանի աշխատակիցների հետ, և՛ Էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանի հետ, վերջինս մեզ հիմանավորեց թե ինչն է փակման պատճառը:

Այսօր ArmLur.am-ին կրկին դիմել են գրադարանի աշխատակիցները, ովքեր անհրաժշտ են համարում անդրադառնալ Էկոնոմիկայի նախարարության կողմից բերված հիմնավորման կետերից բխող որոշ հակասություններին։

Մասնավորապես, արդյո՞ք իրավաչափ է այն հանգամանքը, որ լուծարման որոշման մեջ հաշվի չի առնվել գրադարանային ոլորտի պետական լիազոր մարմնի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կարծիքը, քանի որ վերջինս է ըստ ՀՀ Գրադարանների և գրադարանային գործի մասին օրենքի Հոդված 13֊ի այն Լիազորված պետական մարմինը, որը՝
6) ընդունում է որոշում պետական գրադարանի գործող հավաքածուի կազմից նյութական կրիչների օտարման կամ պահպանության տեղի փոփոխման վերաբերյալ։

Նախագիծը նաև հանրային քննարկման չի դրվել, որի պատճառով հաշվի չեն առնվել բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքները։ Մասնավորապես, հաշվի չի առնվել աշխատակիցների, ոլորտի մասնագետների կարծիքը և ոտնահարվել են գրադարանից օգտվողների իրավունքները։ Ըստ նույն օրենքի Հոդված 19֊ի Գրադարանի ծառայություններից օգտվողների իրավունքներն են.

1) օգտվել գրադարանի հավաքածուից՝ սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված կարգին և գրադարանից օգտվելու կանոններին համապատասխան (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի).
Ինչպես նաև՝
4) օգտվելու գրադարանի ընտրության և մատչելիության իրավունքից` իր պահանջմունքներին և հետաքրքրություններին համապատասխան։

Նախարարության հիմնավորման մեջ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը նկարագրված է.
«Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ․ ծրագրով ամրագրված գիտելիքահենք տնտեսության քաղաքականության իրականացման համար մրցունակ և առավել անկախ կազմակերպաիրավական կարգավիճակ ունեցող ենթակառուցվածք ունենալու անհրաժեշտությունից։ Առանցքային է նաև միջազգային համագործակցությունը»։

Հարկ է նշել, որ ինչպես նշված է նաև նախագծին կից ամփոփաթերթում՝ թվարկված ծրագրերը կարելի է իրականացնել նաև առանց ՊՈԱԿ֊ի լուծարման՝ Կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններով, ինչպես նաև՝ անհրաժեշտ գործառույթների ներդրմամբ և համապատասխան ֆինանսավորմամբ։

Բացի այդ, ինչպես նշված է ՊՈԱԿ֊ի ստեղծման վերաբերյալ 23 ապրիլի 2009 թվականի N 454-Ն որոշման 5֊րդ կետում՝ կազմակերպությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակումը համակարգող ազգային տեղեկատվական կենտրոն: Այսինքն, ՊՈԱԿ֊ը ՀՀ կառավարության 2021-2026թթ․ ծրագրով ամրագրված գիտելիքահենք տնտեսության քաղաքականության իրականացման համար մրցունակ և կարևոր ենթակառուցվածք է։

Հիմնավորման մեջ ընթացիկ իրավիճակի նկարագիրը հետևյալն է.

«Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Գիտատեխնիկական գրադարանային ծառայություններ» միջոցառման շրջանակում տարիներ շարունակ, մինչև 2024թ․ իրականացրել է միայն գրադարանային ծառայություններ՝ իր կանոնադրական հիմնական գործառույթների կատարման համար չունենալով համապատասխան մարդկային, նյութատեխնիկական և ֆինանսական ռեսուրսներ։

Ինչպես վերը նշված որոշման նախագծում, այնպես էլ հիմնավորման մեջ պարզ չէ, թե ինչու է ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Գիտատեխնիկական գրադարանային ծառայություններ» միջոցառման շրջանակում տարիներ շարունակ՝ մինչև 2024թ., ՊՈԱԿ֊ն իրականացրել հենց միայն գրադարանային ծառայություններ։

ՊՈԱԿ֊ի Կանոնադրության 9֊րդ կետի համաձայն՝ Կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են տեխնոլոգիաների փոխանցման գործուն մեխանիզմների ձևավորումն ու ներդնումը, գիտատեխնիկական տեղեկատվական և գրադարանային ծառայությունների մատուցումը: Իսկ գիտատեխնիկական համապատասխան ռեսուրսների պարբերական և կանոնակարգված հավաքագրումը, մշակումը, պահպանումը և սպասարկումը` ժամանակակից տեղեկատվական համակարգերի ներդրմամբ, իրականացվել է կազմակերպության վարչական կառուցվածքում գործող
գիտատեխնիկական գրադարանի միջոցով, որը նախկին Հանրապետական գիտատեխնիկական գրադարանի իրավահաջորդն է։

Հետևապես, գրադարանային ծառայությունները մատուցվել են ՊՈԱԿ֊ի Կանոնադրության համաձայն և ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Գիտատեխնիկական գրադարանային ծառայություններ» միջոցառման շրջանակում ստանձնած պարտավորություններին համապատասխան։ Ձևակերպումը, թե բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով՝ Էկոնոմիկայի նախարարությունը նպատակ ունի լուծարել ՊՈԱԿ-ը, անհիմն է։ Քանի որ վերը նշված գրադարանային ծառայությունների մատուցումը բխում են ՀՀ Գրադարանների և գրադարանային գործի մասին օրենքից, ՀՀ Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին օրենքից, ՀՀ Սահմանադրությունից, ոլորտը կարգավորող փաստաթղթերից, տարբեր միջազգային փաստաթղթերով ՀՀ ստանձնած պարտավորություններից։
ՊՈԱԿ֊ի լուծարման պարագայում անորոշ է գրադարանի հետագա ճակատագիրը և թվարկված պարտավորությունների իրականացումը։

Նախորդ տարիներին ՊՈԱԿ֊ին Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական միջոցները հատկացվել են «Գիտական և գիտատեխնիկական հետազոտություններ» ծրագրի շրջանակում իրականացվող «Գիտատեխնիկական գրադարանային ծառայություններ»֊ի մատուցման նպատակով, որի նպատակայնությունը հիմնավորվել է Միջնաժամկետ ծախսային ծրագրերով, իսկ արդյունավետությունը գնահատվել Պայմանագրով ստանձնած գործառույթների և պարտավորությունների պատշաճ կատարմամբ։ Թեև Կենտրոնի ֆինանսավորումը բավարարում է հիմնականում միայն աշխատավարձ վճարելուն, սակայն գրադարանի կողմից կատարված աշխատանքների չափազանց տեսանելի արդյունքներն այլ են: Այդ մասին են վկայում Կենտրոնի կայքում առցանց գործող մի շարք տվյալների բազաները, կազմակերպված տարաբնույթ միջոցառումները, մատուցված տեղեկատվական ծառայությունները, ինչպես նաև՝ գիտության և տեխնիկայի տարբեր ոլորտների վերաբերյալ տեղեկատվական նյութերը։ Արդյո՞ք 2024 թ. նշված ֆինանսավորման դադարեցումը ՊՈԱԿ֊ի գործող Կանոնադրությամբ սահմանված նպատակների և առարկայի իրականացման խախտում չէ։

Գիտատեխնիկական գրադարանը Հանրապետության ամենախոշոր փաստաթղթային ֆոնդ ունեցող գրադարանն է՝ եզակի փաստաթղթային հավաքածուներով։ Մասնավորապես` Արտոնագրային, Նորմատիվ֊տեխնիկական փաստաթղթերի, Արդյունաբերական կատալոգների ֆոնդերը միակն են ողջ Հանրապետությունում և ունեն ռազմավարական նշանակություն։ Լուծարման որոշումը ոչ թե կնպաստի բյուջետային միջոցների նպատակայնությանն ու արդյունավետությանը, այլ կխոչընդոտի ՀՀ կառավարության 2021-2026թթ․ ծրագրով ամրագրված գիտելիքահենք տնտեսության քաղաքականության, ինչպես նաև, ոլորտային քաղաքականության իրականացմանը։ Այն հակասում է Կառավարության ծրագրով որդեգրած պետական, ժողովրդավարական արժեքներին։

ՆՁԱԿ-ի Գիտատեխնիկական գրադարանը ավանդապահ գրադարան է, ունի եզակի տեղեկատվական ռեսուրսներ, որոնք կարող են նպաստել գիտելիքահենք տնտեսության վերազինման, Կառավարության ծրագրով սահմանված գիտական, կրթական, մշակութային առաջնայնությունների իրականացմանը։ Այն միակն է ողջ Հանրապետությունում և գիտամեթոդական օգնություն է տրամադրում նաև շուրջ 35 կազմակերպությունների գիտատեխնիկական գրադարանների։
Իր եզակի հարուստ տեղեկատվական շտեմարաններով գրադարանը կարող է տարբեր ոլորտների մասնագետների վերապատրաստման համար անփոխարինելի ռեսուրս լինել։ Ինչպես վկայում է միջազգային փորձը, գրադարանները նույնպես ընդգրկված են գիտելիքահենք տնտեսության ձևավորման ենթահամակարգերի շարքում, իսկ ՄԱԿ֊ի Կայուն զարգացման նպատակներ 2030֊ի 16֊րդ նպատակի 10֊րդ թիրախը վերաբերում է գրադարաններին՝
16.10. Ապահովել տեղեկատվության հանրային հասանելիությունը և պաշտպանել հիմնարար ազատությունները՝ համաձայն ազգային օրենսդրության և միջազգային համաձայնագրերի։

Ներկայումս գիտատեխնիկական գրադարանի հիմնական խնդիրը տարբեր ոլորտների մասնագետների, ղեկավար մարմինների, ձեռնարկության կամ կազմակերպության մասնագետների մասնագիտական և տեղեկատվական կարիքների բավարարումն է: Եվ հենց գրադարանի մոտ լինելն է արտադրությանը, որ թույլ է տալիս կոնկրետ և արագ լուծել արտադրական հրատապ խնդիրները։

Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս ճանաչված գրադարանը միակն է, որ իր 4 մասնաճուղերի հետ միասին իրականացնում է մոտ 8500 գրանցված ընթերցողների տարբերակված և անհատականացված տեղեկատվական սպասարկում։ Ընթերցողների մեծամասնությունը կազմում են տարբեր ոլորտների մասնագետներ, գիտնականներ, գյուտարարներ, ուսանողներ, գործարարներ և անհատ ձեռներեցներ:

Գրադարանն իր գործունեության ողջ ընթացքում առաջնորդվել է ոլորտը կարգավորող իրավական ակտերով, նորմատիվ փաստաթղթերով, հաշվի է առել միջազգային փորձը, գործող ստանդարտներն ու հետևել միտումներին, որպեսզի ապահովի գիտատեխնիկական տեղեկատվության մատչելիության ու համաչափության սկզբունքները, ապահովի տեղեկատվական հավասարություն ընթերցողական բոլոր խմբերի համար, նպաստի մեր երկրի տնտեսության կայացմանը, համայնքների համաչափ զարգացմանը և այլն: Ելնելով վերը նշվածից կարելի է փաստել, որ գիտատեխնիկական գրադարանների առկայությունը գիտելիքահենք տնտեսության պահանջն է և զարգացման գրավականը։ Եթե չկա գիտելիքի ու տեղեկատվության պահանջարկ, մասնագետների մասնագիտական որակավորման բարձրացման անհրաժեշտություն, ուրեմն տնտեսությունն առաջընթաց չունի։ Իսկ գրադարանի գոյությունն ուղղակի օրվա հրամայական է, քանի որ, ի տարբերություն համացանցի, հենց գրադարանում է կենտրոնացված նորարարական գաղափարից մինչև արտադրական պրոցես հավաստի, համակարգված և մշակված տեղեկատվությունը։




Լրահոս