Մենք անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը համարում ենք բարձրագույն գործիք մեր երկրի, քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը, արդարությունը և երջանկությունն ապահովելու համար: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ:
«Հանկարծ չմտածեք, թե շատերը կան, որոնք մեր նման ուզում են այս պետությունը լինի»,- հայտարարել է վարչապետը։
ArmLur.am-ը կապ հաստատեց ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ խորհրդի անդամ Արման Աբովյանի հետ` հասկանալու համար, ի՞նչ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունը անելով, որին ի պատասխան մեր զրուցակիցն ասաց, որ նախ պետք է պարզել, թե ինչ պետության մասին է խոսքը գնում:
Նրա խոսքով՝ իշխանության բոլոր խոսքերը պետք է ընկալել 180 ասիտճան հակառակ: Հաշվի առնելով իշխանության քաղաքականությունը, ըստ որի Հայաստանի Հանրապետությունը գնում է դեպի տոտալ ապամոնտաժման, դա նվազագույնը կարելի է որակավորել՝ որպես մանիպուլյացիայի նոր դրսևորում:
«Ըստ էության ունենք մի իրավիճակ, երբ իշխանությունը կասկածի տակ է դնում Հայաստանի Հանրապետության սահմանները, ջարդուխուրդ անում անվտանգային ճարտարապետությունը, որը Հայաստանի շուրջ ձևավորվել է տարիներ ի վեր, և դրա հետ մեկտեղ հնազանդ կերպով կատարում է Ադրբեջանի և Թուրքիայի պայմանները՝ հետո դա ներկայացնելով որպես ներքին որոշում և հետո երկիրը տանում է դեպի ապամոնտաժման:
Եթե դուրս գանք հուզական դաշտից՝ պարզապես դիտարկենք իրավիճակը փաստերով, ապա կտեսնենք, որ Հայաստանի հյուսիսը՝ պաշտպանական գոտին, փլուզեցին՝ անունը դնելով դեմարկացիա և դելիմիտացիա: Հիմա նույնը փորձելու են անել Հայաստանի հետ, արդեն պայմանական՝ կենտրոնական մասերի հետ: Ես մտավախություն ունեմ, որ Տիգրանաշենի հերթն է գալիս»:
Էմմա Մարտիրոսյան