ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների և օպտիմալացման գործընթացի շրջանակում նախատեսվում է 30 տոկոսով կրճատել ձերբակալվածների պահման վայրերը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Գործընթացն արդյունավետ իրականացնելու համար ՆԳ նախարարի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության, տնտեսական վարչության, ՆԳՆ ոստիկանության հերթապահ մասի և հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության աշխատակիցներ։
Ուսումնասիրության համար հիմք են ընդունվել 2022-2023 թթ․ տվյալները․ հաշվի են առնվում ՁՊՎ-ների ծանրաբեռնվածությունը և հարակից վայրերում այլ ՁՊՎ-ների առկայությունը։ Աշխատանքային խմբի հիմնական նպատակը ձերբակալվածների պահման վայրերում պայմանների բարելավումն է։
Արդյունքում՝ 2024 թ. ընթացքում ՆԳՆ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածների պահման 32 վայրերից երկուսի՝ Արթիկի և Թալինի ՁՊՎ-ների գործունեությունը դադարեցվել է:
Նույն գործընթացի շրջանակում նախատեսված է դադարեցնել ևս ութ՝ Արարատի, Ճամբարակի, Վարդենիսի, Սպիտակի, Վայքի, Նոյեմբերյանի, Դիլիջանի և Սիսիանի ՁՊՎ-ների գործունեությունը: