Լոռու մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթարի պատճառները պարզելու նպատակով նախաքննություն է իրականացվում:
ՔԿ նախագահի մամուլի քարտուղարը մանրամասներ է հայտնել դեպքից:
Ըստ այդմ, 2024թ․ հունիսի 21-ին՝ ժամը 11:55-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 26-րդ կիլոմետրում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել է ձորակը։
Դրա հետևանքով 72-ամյա վարորդը, ինչպես նաև 69-ամյա, 86-ամյա, 58-ամյա ուղևորները՝ կանայք, տեղում մահացել են:
Դեպքի առթիվ 2024 թվականի հունիսի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Պարզվել է, որ մահացած անձինք հարազատներ են՝ նախնական տվյալներով ուղևորները եղել են վարորդի կինը, քույրը և կնոջ մայրը։
Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և վթարված ավտոմեքենայի զննություններ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Դեպքի հանգամանքները պարզելու, մի շարք այլ հարցեր պարզաբանելու նպատակով ոստիկանությանը տրվել է հանձնարարություն։
Նախաքննությամբ պարզվում են ավտովթարի և 4 անձանց մահվան պատճառները, վթարին հանգեցրած հնարավոր նպաստած գործոնները։