ArmLur.am-ի խմբագրություն տարբեր քաղաքացիներից ահազանգեր են ստացվում այն մասին, որ իրենց վարչական շրջանում կա՛մ հոսանքազրկումներ են լինում, կա՛մ հոսանքն ակտիվ տատանվում է։
Օրինակ՝ Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի 2/9 շենքում հոսանքի պարբերաբար անջատումներ են լինում և այդ անջատումների պատճառով փչացել են որոշ բնակիչների կենցաղային տարբեր սարքեր, 16 թաղամասում երեկ հոսանք չի եղել, իսկ «Հույսի ավան» թաղամասում՝ պարբերաբար հոսանքազրկումներ են լինում։
ArmLur.am-ը կապ է հաստատել «ՀԷՑ»՝ պարզելու՝ ի՞նչն է պատճառը հոսանքազրկումների և/կամ տատանումների։
«ՀԷՑ»-ից պարզաբանեցին, որ ենթակայանում վերակառուցման աշխատանքներ են կատարվում և այդտեղ փոխանջատումներ են կատարվել, ինչի պատճառով էլ բնակիչներին թվում է, որ դա տատանում է։
«Դավթաշենի նշված հասցեում 1 վթար ենք ունեցել ամսի 20-ին, իսկ մնացածը, որ ասում են անընդհատ անջատվում է, ենթակայանում մենք վերակառուցման աշխատանքներ ենք կատարում ու այդտեղ փոխանջատում ենք կատարել, դրա համար բնակիչներին թվում է, որ դա տատանում է, բայց դա տատանում չի։ Փոխանջատում է, որը անջատում և մեկ ուրիշ տեղից ենք միացնում, դա կարող է 1 կամ 2 րոպե տևի և դրանից ոչ մի տեխնիկա չի կարող վնասվել։ Այսինքն՝ այդտեղ լարման և շեղման խնդիր չկա։ Տեխնիկան փչանում է միայն այն ժամանակ, երբ լարման շեղում է գրանցվում։ Հույսի ավան թաղամասն ու 16 թաղամասը Դավթաշեն վարչական շրջանի ենթակայանից են սնվում, այդտեղ ամսի 21-ին ենք ունեցել միայն 1 վթարային անջատում, որը տևել է մոտավորապես 1-2 ժամ»,- ասացին «ՀԷՑ»-ից։
«ՀԷՑ»-ից նաև հավելեցին, որ այնուամենայնիվ, եթե ինչ-որ բնակչի մոտ ինչ-որ կենցաղային սարք է վնասվում, բնականաբար եթե դա լարման շեղման արդյունքն է, ապա «ՀԷՑ»-ը փոխհատուցում է վնասները, սակայն այս պարագայում, մասնագետների փոխանցմամբ, տեխնիկա վնասվել չէր կարող։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան