Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՝ մարտի 27-ին, բնապահպան, Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամ Սիլվա Ադամյանն ասաց, որ կառավարության անդամները շատ ակտիվ չէին, բնապահպանության նախարարը չէր կարողանում պատասխանել ակտիվիստների և փորձագետների հարցերին ՝ հանքարդյունաբերության վերաբերյալ կառավարության կազմակերպած միջազգային գիտաժողովի ժամանակ:
«Կոնֆերանսի անդամ միջազգային փորձագետներին հարց ուղղելու իմ մի քանի փորձերը ձախողվեցին, ինձ ուղղակի թույլ չտվեցին, որ ես խոսեմ. պատճառներն անհայտ են: Ուղղեցի միայն մի հարց՝ կապված հատուկ պահպանվող տարածքների հետ, որ մնաց կիսատ, և բնապահպանության նախարարության աշխատակիցն ուղղակի չկարողացավ պատասխանել»,- ասաց նա ՝ շեշտելով, որ իրենից պարզապես խլել են բարձրախոսը և թույլ չեն տվել, որ շարունակի իր հարցադրումը և պատշաճ ձևով պատասխան ստանա:
«Միջազգային փորձագետներն անընդհատ պնդում էին, որ հանքարդյունաբերական վիճակը Հայաստանում ցույց տվող հիմնավոր փաստարկներ չկան, իսկ մենք ունեինք հիմնավորված փաստարկներ, որ կարող էինք ներկայացնել, բայց, ցավոք, դա մեզ թույլ չտվեցին»,- նշեց տիկին Ադամյանը, չբացառելով, որ փորձագետներն ամենայն հավանականությամբ չէին ցանկանում բնապահպանների հետ խոսել:
Բնապահպան Գրետա Գաբրիելյանը նշեց, որ արգելավայրերի տարածքներ են կրճատվում, մինչդեռ այդ մասին պատահաբար են տեղեկանում: Նա իբրև օրինակ նշեց Հանքավան ջրաբանական արգելավայրը, որի տարածքը նախկին ՝ 1981 թ. տվյալներով, մոտ 9 հազար հեկտարից ավելի է, իսկ վերջին տվյալներով արդեն դառնում է 5 200 հեկտար, այնինչ՝ բնապահպանության նախարարության կայքում գրված է, որ այդ արգելավայրը ստեղծվել է 2009 թվականին:
Վերջում Գաբրիելյանը մեջբերեց գյուղացիներից մեկի թևավոր խոսք դարձած արտահայտությունը. «Դու ավերիր մեր գեղ. մեր կով չծնի, մեր հարս չծնի»: