Վանաձորի կադաստրի նախկին պետը ` Գերասիմ Անդրեասյանը, մարտի 26-ին Լոռու մարզի Դարպաս գյուղում ավազակային հարձակման է ենթարկվել:
Այս մասին Armlur.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից, որտեղից տեղեկացրին նաև, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի (ավազակային հարձակումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) հատկանիշներով:
Ինչպես Armlur.am-ին հայտնեց Վանաձոր Բ/Կ-ի բժիշկ Քարամյանը, այսօր Գերասիմ Անդրեասյանին տեղափոխել են Երևան, չնայած, որ վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում: «Անդրեասյանին իրենց կամքով են Երևան տեղափոխել: Նա իրեն շատ լավ էր զգում, ոտքի վրա էր: Ոչ մի անձնական հարց չի եղել, ուղղակի պայմանների հետ էր կապված: Մենք ինչ պետք ա արել ենք ` տնավարի, ակուրատնի»,- ասաց բժիշկը:
Իսկ Դարպասի գյուղապետ Սամվել Ավետյանի հավաստմամբ ` իրենց գյուղացիներից ոչ ոք չէր կարող մասնակից լինել ավազակային հարձակմանը:
«Դա բացառվում ա: Անդրեասյանն ընդհամենը թեթև դաչա ունի Դարպասում` ամառանոցի նման մի բան, որ գալիս-հանգստանում ա: Մենք էտ մարդուն հարգում ենք: Ինքը պարկեշտ, օրինակելի մարդ ա: Մեր ընդհանուր համայնքը գոհ ա իրա բարեհամբույր վերաբերմունքից»,- ասաց գյուղապետը ` հավելելով, որ Անդրեասյանը Վանաձորի բնակիչ է, իսկ Դարպասում չկա որևէ մեկը, ում հնարավոր կլիներ հարձակման մեջ կասկածել:
Իսկ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն Armlur.am-ին հայտնեց, որ ինքը դեպքի մասին իմացել է համացանցից, և մանրամասներ չգիտի, քանի որ առանձնապես մտերիմ հարաբերությունների մեջ չի եղել Անդրեասյանի հետ: Քաղաքապետը հայտնեց նաև, որ այս պահին Գերասիմ Անդրեասյանը չի աշխատում և զբաղվում է ինչ որ բիզնեսներով:
Նշենք նաև, որ ոստիկանության Լոռու մարզային վարչությանը հայտնի է դարձել, որ մի քանի անհայտ անձինք կպչուն ժապավենով կապել են Անդրեասյանի ձեռքերն ու բերանը, այնուհետև ՝ ծեծի ենթարկելով ՝ նրանից պահանջել և ստացել են իր մոտ եղած 4,700 ԱՄՆ դոլարը, և սպառնացել ու պահանջել են, որ հաջորդ օրը ՝ առավոտյան, պետք է ևս 70 հազար ԱՄՆ դոլար թողնի տան մուտքի մոտ, որպեսզի իրենք վերցնեն այն:
Տաթև Հարությունյան