Հունիսի 6-ին` ժամը 23։10-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում գտնվող գազի լցակայանում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել էր 7 անձ (մեկն անհրաժեշտ օգնություն ստանալով՝ դուրս է գրվել) նրանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր էր։ Տուժածներից մեկը օրեր անց մահացավ։
ArmLur.am-ին ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը հայտնեց, որ տուժողներից մի քանիսը դեռ բուժում են ստանում։
«Տուժածներից 2-ը դեռ շարունակում են բուժումը, կայուն, բավարար է առողջական վիճակները»,- նշեց Ծատրյանը։
Հիշեցնենք, որ պայթյունի ընթացքում վնասվել էին նաև գազալցակայանի կոնստրուկցիաները, դրան հարող տարածքում գտնվող բնակելի տունն ու մի քանի ավտոմեքենա, նաև «Հանդիպում» հանդիսությունների սրահը։
Հարկ է նշել, որ գազալցակայանի տարածքում դեռ մաքրման աշխատանքներ չեն կատարվել, սակայն հարակից հանդիսությունների սրահը, պայթած ապակիների փոփոխությունից հետո, վերականգնել է աշխատանքը։
Հավելենք, որ պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել։ ArmLur.am-ին Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ գործի նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է։
ՀՀ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել մի քանի հոդվածով՝ 2 կամ ավելի անձի առողջությանը վնաս պատճառելու, պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կաննոնները խախտելու, հրդեհային անվտանգության կանոնները խախտելու, դյուրավառ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելու, ինչպես նաև անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման հոդվածներով։
Մանրամասները՝ տեսանյութում
Էմմա Միքայելյան