«Կերուխումային արվեստն է ընդունելի». այսօր թատրոնի միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է: Այն սահմանվել է 1961 թվականին` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ու արդեն 53 տարի նշվում է ողջ աշխարհում: Այս տոնը ժամանակին  առիթ էր մեկ անգամ ևս հաշվետվություն ներկայացնելու, վերլուծելու  արվածն ու չարվածը: Տոնի առթիվ զրուցեցինք ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատերագետ Լևոն Մութաֆյանի հետ:

-Ինչպե՞ս էր տոնվում Թատրոնի միջազգային օրը ԽՍՀՄ-ում և ինչպե՞ս է տոնվում այսօր:

-Սովետական Միությունում ընդունված էր, որ այդ օրը ՝ թատրոնի մարդկանց մասնագիտական տոնի օրը,  պետության կողմից լինում էին պարգևներ,  կոչումներ, երկրի ղեկավարները կազմակերպում էին ընդունելություններ: Այս ավանդույթը վերականգնվեց Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, ու ամեն մարտի 27-ին թատրոնականները սպասում էին պետական պարգևների ու կոչումների: Սերժ Սարգսյանը, սակայն, իր ընտրվելուց հետո որոշեց, որ այդ ամենը մեծ շռայլություն է թատրոնի մարդկանց համար և նրանց պարգևատրումներն էլ պետք է լինեն Առաջին հանրապետության ու Անկախության հռչակման օրերին ՝ բոլորի հետ: Այսինքն՝ հսկայական ցուցակներում պիտի ընդգրկվեն ընդամենը մի քանի թատերական գործիչներ: Եվ այն էլ,  հիմնականում նրանք,  որոնց համար ավելի շատ են բարեխոսողները  կամ էլ՝ նրանց թիկունքին կանգնածները

-Ըստ Ձեզ` նման վերաբերմունքն  ինչո՞վ է պայմանավորված:

-Գաղտնիք չէ, որ մեր երկրի նախագահներից ոչ մեկը թատրոն չի սիրում, թատրոն չի հաճախում, թատրոնը չի համարում պետության ռազմավարության կարևորագույն հանգրվաններից: Բայց պարզվում է,  որ թատերական գործիչներին էլ չեն սիրում: Իսկ ամենից շատ ՝  հենց Սերժ Սարգսյանն է ի ցույց դրել իր ակնհայտ քամահրանքն ու արհամարհանքը թատրոնի ու նրա գործիչների հանդեպ: Արդյունքում այս տարի էլ չի խախտվի ավանդույթը և այս տարի էլ մասնագիտական տոնի օրը նախագահի ու կառավարության կողմից որևէ պարգև ու կոչում չի լինի: Մինչդեռ հանրապետության  պետական 16 թատրոններում քիչ չեն նրանք, ովքեր շատ վաղուց սպասում են ամենաչնչին գնահատմանն անգամ:

-Եկեք գնահատականներն ու կոչումները թողնենք թատրոնը չգնահատող ղեկավարների խղճին: Դրանից դուրս` ի՞նչ խնդիրներ ունի թատրոնն ընդհանրապես:

-Իհարկե, միայն պարգևներն ու կոչումները չեն մտահոգում մեզ: Պետության կողմից շարունակվող անտարբեր վերաբերմունքը, թատրոնի ու պետության կապի բացակայությունը, պետության ռազմավարության մեջ թատրոնի անտեսումը հանգեցնում են այն մտայնությանը, որ շատ վաղուց թատրոնը որևէ նշանակություն չունի երկրի համար: Մինչդեռ մեր թատրոններն այսօր ապրում են ուրույն կյանքով, շատերը հասել են լուրջ ձեռքբերումների, միջազգային տարբեր փառատոներում մեր ներկայացումներն արժանանում են պարգևների: Փոքր-ինչ անկախ, փոքր-ինչ ինքնաբավ ՝ ահա այսպես են այսօր գործում մեր շատ թատրոններ և թատերական գործիչներ ՝ վաղուց համակերպված այն մտքին,  որ իշխանության համար գոյություն ունեն «թատերարվեստի» այլ ձևեր ու«այլ գործիչներ»: Ամենուրեք սփռված ռաբիսն ու սիրողականությունը, կերուխումային «արվեստն» են ընդունելի, իսկ բարձր արվեստը, համաշխարհային թատերարվեստին մերձեցող ձեռքբերումներն ու հաստատումները պետք չեն:

Եվ, չնայած այդ ամենին, մենք նշում ենք Թատրոնի միջազգային օրն ու շնորհավորում իրար…

Հարցազրույցը ՝  Ռուսլան Թաթոյան

 




Լրահոս