
Երկու տարվա ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի առանձին մարզերի միջեւ ապրանքաշրջանառությունն ավելացել է 2,5 անգամ՝ շնորհիվ ձեռք բերված համաձայնագրերի, ընդ որում՝ աճի պոտենցիալը դեռ սպառված չէ։ Այս մասին Բելգորոդում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը։
«ՌԴ ավելի քան 70 մարզերի հետ ստորագրվել են համաձայնագրեր։ Դա հանգեցրել է այն բանին, որ մեր կապերը Ռուսաստանի մարզերի հետ այս մակարդակում ամրապնդվել են։ Ապրանքաշրջանառությունը վերջին 2 տարում ավելացել է 2-2,5 անգամ, սա լուրջ ցուցանիշ է։ Եվ սա ամբողջ պոտենցիալը չէ, այն սպառված չէ»,- ասել է նա՝ նշելով, որ, մասնավորապես, Հայաստանը նախատեսում է կապեր հաստատել Բելգորոդի մարզի հետ։