ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) armlur.am լրատվականի թղթակցի հետ զրույցում Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ ասաց, որ ինքը վերջին անգամ թատրոն է գնացել նախորդ տարի` հոկտեմբերին, և դիտել է «Նազար, Նազար մինչև վերջ» ներկայացումը:
«Շատ եմ սիրում թատրոն, եղել եմ գրեթե բոլոր թատրոններում, նայել եմ բոլոր ներկայացումները: Ավելի շատ սիրում եմ Հակոբ Պարոնյանի անվան ու Կամերային երաժշտական թատրոնները, չնայած Սունդուկյան էլ եմ գնում հաճախ»,-ասաց նախկին պատգամավորը` հավելելով, որ թատերական աշխարհում ունի շատ ընկերներ:
Պրն. Հակոբյանը հիշում է` մութ ու ցուրտ տարիներին թատրոններին «դվիժոկ են» տվել, որպեսզի նրանք աշխատեն: «Իմ մանկության երազանքն էր դառնալ ռեժիսոր, սակայն հետագայում բիզնեսն ընտրեցի, խճճվեցի դրա մեջ, ու երազանքս չկատարվեց»,- անկեղծանում է թատրոն սիրո նախկին պատգամավորը:
– Իսկ չե՞ք զղջում, որ չբռնեցիք արվեստի ուղին:
-Շատ եմ ափսոսում: Հիմա որ ֆիլմեր եմ դիտում, կինոքննադատի աչքով եմ նայում: Դարձել եմ ավելի շատ կինոքննադատ:
-Հայկական խաղացանկերից գո՞հ եք:
-Այս վիճակով մեր դերասաններն ու թատրոնների անձնակազմի աշխատակիցներն ավելին են անում: Փառք ու պատիվ մեր դերասաններին ու ռեժիսորներին, որ հանդիսատես ունեն: էլ չեմ խոսում այն մասին, որ ցածր աշխատավարձ ստանալով` նման հայրենասիրական ու դաստիարակչական գործ են կատարում:
Սոնա Դավթյան