Արծիվ ու աքաղաղ պատկերելու համար Ֆրանսիային ու Գերմանիային բան ասող չկա. Էրդողանը քննադատել է ՈՒԵՖԱ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) Կարգապահական կոմիտեի դիրքորոշումը՝ կապված Թուրքիայի հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալի հետ, ով Ավստրիայի հավաքականի հետ ԵՎՐՈ-2024-ի 1/8 եզրափակիչ խաղում ազգայնական ժեստ էր արել։

Աստանայում ՇՀԿ-ի գագաթնաժողովում Թուրքիայի ղեկավարին ուղեկցող լրագրողների հետ զրույցում Էրդողանը նշել է, որ ոչ ոք չի քննադատում Գերմանիային համազգեստի վրա արծիվ պատկերելու կամ Ֆրանսիային՝ աքաղաղ պատկերելու համար։

«Որևէ մեկը գերմանացիներին հարցնո՞ւմ է, թե որն է իրենց համազգեստի արծվի իմաստը: Բացի այդ, ոչ ոք չի խոսում ֆրանսիացիների պատկերած աքլորի մասին և չի հարցնում, թե ինչու եք «աքլորանում»: Մերիհ Դեմիրալն այդպես ընդամենը ցույց է տվել իր ուրախությունը։ Համապատասխան անձինք կանչվել են Թուրքիայի ԱԳՆ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ»,- նշել է Թուրքիայի ղեկավարը։

Նա շաբաթ օրը Հոլանդիայի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի հավաքականի հերթական հաղթանակի հույս է հայտնել։

«Եթե արտառոց իրադարձություններ չլինեն, ես ներկա կգտնվեմ այս հանդիպմանը»,- ասել է Էրդողանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՈւԵՖԱ-ն թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալին որակազրկել է երկու խաղով:

Թուրքիայի ազգային հավաքականը դուրս է եկել Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ՝ Դեմիրալի դուբլի շնորհիվ հաղթելով Ավստրիային: Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլին» ներկայացնող պաշտպանը թիմի հաջորդ փուլ դուրս գալը նշել է Ավստրիայում արգելված «գորշ գայլերի ողջույնով»։

ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել այդ դրվագի վերաբերյալ, և Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերը ասել է. «Թուրք աջ ծայրահեղականների խորհրդանիշները տեղ չունեն մեր մարզադաշտերում: Եվրոպան որպես ռասիզմի հարթակ օգտագործելն անընդունելի է»։

Այս սկանդալի պատճառով այսօր Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Բեռլինում Թուրքիայի դեսպանին։ Երեկ էլ Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ։




Լրահոս