ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր են «գորշ գայլեր»-ը, և ինչու նրանց գործունեությունն արգելվեց Ֆրանսիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվանից պաշտոնապես կարգելվի թուրքական «Գորշ գայլեր»-ի գործունեությունը Ֆրանսիայում։ Այս կարևոր որոշման մասին այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին տեղեկացրել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտը:

Հանրահայտ փաստ է, որ ինչպես 2016 թվականին Ապրիլյան պատերազմի ընթացքում, այնպես էլ հիմա Արցախում խոշտանգումները, վայրագություններն ու դաժանությունները ադրբեջանական զինված ուժերի կազմում կատարում են թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամները կամ իրականացվում է նրանց մեթոդներով։

Այսպիսի որոշման մասին դեռևս նոյեմբերի 2-ին հայտարարել էր Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալ Դարմանենը։ Դարմանենի այս հայտարարությունը հնչեց Հայող ցեղասպանության զոհերի հիշատակին Լիոնում կառուցված հուշահամալիրի պղծումից հետո։ Հուշահամալիրի վրա դեղին ներկով թուրքամետ գրառումներ էին կատարվել, մասնավորաբար` «Գորշ գայլեր» և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան առաջին տառերը՝ RTE։

Նախագահ Էմանյուել Մակրոնը Ֆրանսիայում պատմության ուսուցչի դաժան սպանությունից հետո հայտարարել է, որ «արմատական իսլամն ամբողջ աշխարհում ճգնաժամի մեջ է հայտնվել»: Նա ասել է նաև, թե անհրաժեշտ է ավելի ուշադիր հսկել մզկիթների ֆինանսավորումը:

Թուրքիայի նախագահ Էրդողանն այդ մեկնաբանությունից հետո Մակրոնի հասցեին անձնական վիրավորանքներ է հնչեցրել: Մակրոնին քննադատել են նաև մեծ թվով մահմեդական երկրներում:

Եվրոպական երկրների ղեկավարները դատապարտել են Էրդողանի կեցվածքն ու իրենց համերաշխությունն են հայտնել Մակրոնին:

Իսկ «Գորշ գայլեր» կազմակերպությունը համարվում է թուրքական ազգանական ամենահայտնի կառույցների մեկը՝ սերտ կապեր պահպանելով Թուրքիայի խոշորագույն քաղաքական ուժերից մեկի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության հետ։ Դևլեթ Բահչելիի ղեկավարած այս կուսակցությունը նախագահ Էրդողանի գլխավոր քաղաքական դաշնակիցն է Թուրքիայի ներսում։

60-ականների վերջին ստեղծված «Գորշ գայլերը» համարվում են «Ազգայնական շարժում» կուսակցության ոչ պաշտոնական զինյալ թևը։ 80-ականներին «Գորշ գայլերը» իրենց ազդեցությունը սկսեցին տարածել նաև Արևմտյան Եվրոպայում՝ այդ թվում Ֆրանսիայում։ 1984 թվականի մայիսին, օրինակ, «Գորշ գայլեր»-ի անդամները պայթեցրին Փարիզի արվարձաններից մեկում՝ Ալֆորվիլում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս