Մարտի 17-ին Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն էր տարածել, որում նշված էր, որ Երեւանի թիվ 17 միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրուհի Սարգսյանը ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն։
Հաղորդագրությունում նշվում էր նաեւ, որ դրանից 6 ամիս առաջ նույն տնօրենը բանավոր նկատողություն էր ստացել մանկավարժին ոչ հարիր պահվածքի համար։
«Հայկական Ժամանակ» օրաթերթն այսօրվա իր համարում կրկին անդրադարձել էր այդ հարցին՝ իր կողմից ավելացնելով մանրամասներ, համաձայն որոնց՝ տնօրենը հեռացվել է աշխատանքից, որովհետև «հանդգնել է նկատողություն անել եւ խիստ խոսել Էրեբունու նախկին թաղապետ, ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի մերձավորի՝ պետեկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված մաքսատան ղեկավար Բաբկեն Ղազարյանի քրոջ որդու հետ»։
Այսինքն՝ Մհեր Սեդրակյանի թուրն ամենուր կտրում է, և նա նույնիսկ կարող է զանգել քաղաքապետին և պահաջել տվյալ մարդուն աշխատանքից հեռացնել: Տարոն Մարգարյանն էլ, ով նախկինում էլ աչքի էր ընկել հնազանդ հատկանիշներով, բնականաբար, չի մերժել։
Սակայն այսօր արդեն Armlur.am-ին հայտնի դարձան այլ մանրամասներ։ Դպրոցի մի քանի ուսուցչի (նրանց անունները չենք հրապարակվում՝ իրենց իսկ խնդրանքով, քանի որ խոսքը վերաբերում է Թոխմախի Մհերին, ով մեծ վարպետ է վախի մթնոլորտ ստեղծելու) փոխանցմամբ՝ Նաիրուհի Սարգսյանը ոչ 6 ամիս առաջ, ոչ էլ դրանից ավելի վաղ երբևէ բանավոր նկատողություն չէր ստացել, ավելին, նախորդ տարվա հոկտեմբերին նա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից արժանացել էր պատվոգրի։
Փաստորեն, ստացվում է, որ տնօրենը լավ էլ գնահատված է եղել Տարոն Մարգարյանի կողմից, սակայն երբ գործին խառնվել է Մհեր Սեդրակյանը, Երևանի քաղաքապետը մոռացել է իր գնահատականը։
Armlur.am-ին ևս մի ուշագրավ տեղեկություն հայտնեցին. նույն դպրոցի նախկին տնօրեն Մանյակ Ազիզյանը, ով 2012թ. նոյեմբերին ազատվել էր աշխատանքից չարաշահումների պատճառով, Մհեր Սեդրակյանի մտերիմն է եղել և նրա միջնորդությամբ է կարողացել փրկվել քրեական պատասխանատվությունից։ Այն ժամանակ էլ քաղաքային իշխանությունները, չկարողանալով հակառակվել մեծն օլիգարխին, հարցը լուծել են ընդամենը աշխատանքից ազատելով և դրանով իսկ փրկելով Ազիզյանին հետագա պատասխանատվությունից։
Ուսուցիչները մեզ պատմեցին, որ Մանյակ Ազիզյանի միջադեպի ժամանակ Մհեր Սեդրակյանն Ազիզյանին խոստացել էր, որ որոշ ժամանակ անց, երբ ամեն ինչ հանդարտվի, ինքը կփորձի վերականգնել տնօրենի պաշտոնում, և հիմա, հնարավոր է, որ հենց Մանյակ Ազիզյանն էլ կրկին նշանակվի դպրոցի տնօրեն՝ իհարկե, կրկին Մհեր Սեդրակյանի միջնորդությամբ: Իսկ աշակերտի հետ տեղի ունեցած միջադեպը հիանալի առիթ դարձավ այդ «ծրագիրն» իրագործելու համար։
Ի դեպ, Aravot.am կայքում գտանք 2011-ի հրապարակում այն մասին, որ Մանյակ Ազիզյանը նաև թիվ 68 դպրոցի նախկին տնօրեն Ս. Ազիզյանի քույրն է, ով նույնպես խոշոր չափերի չարաշահումներ է իրականացրել և խուսափել պատասխանատվությունից՝ շնորհիվ Մանյակ Ազիզյանի և ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանի խնամիական կապերի։
Ստացվում է, որ Հայաստանում քրեաօլիգարխը կարող է ամենուրեք հարցեր լուծել և փաստացի ղեկավարել երկիրը, ում ուզել՝ աշխատանքից հեռացնել տալ, ում ուզել՝ նշանակել տալ` մտնելով նաև կրթական ոլորտ: Իսկ պաշտոնյաները կարող են զուտ ձևական ֆիգուրներ լինել՝ կատարելով քրեաօլիգարխների հրահանգները։
Armlur.am-ը տեղեկությունը ճշտելու նպատակով փորձեց նաև կապ հաստատել Մհեր Սեդրակյանի հետ, սակայն հեռախոսազանգերին, ավանդույթի համաձայն, պատասխանեց վարորդը և ասաց, թե Սեդրակյանը զբաղված է։
Կարեն Վարդանյան