Ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզում. ընտանիքի 7 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 22:00-ի սահմաններւոմ «Գորիս» բժշկական կենտրոն են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ՝ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ոստիկանության Գորիսի բաժնի օպերատվ խումբը՝ վարչության պետ Վարդան Մկրտչյանի և Գորիսի բաժնի պետ Մուշեղ Գևորգյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Սյունիքի մարզի բնակիչներ 9-ամյա Մարիաննա Խ.-ն, 4-ամյա Լուիզա Խ.-ն, իսկ արդեն այսօր «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին հայտնել են, որ «սուր էկզոգեն թունավորմամբ» իրենց մոտ են տեղափոխվել Սյունիքի մարզի բնակիչներ 11-ամյա էլեն Խ.-ն, 31-ամյա Անի Խ.-ն, 6-ամյա Ռամելա Խ.-ն, նորածին Անի Խ.-ն և 34-ամյա Գրիգոր Խ.-ն:

Հիվանդանոց են ժամանել նաև ՀՀ  քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 20-00-ի սահմաններում Ա. Պողոսյանը իրենց տանը հիվանդանոց տեղափոխվածների հետ ընթրիքի ժամանակ կերել է երշիկեղեն և մսեղեն, որից հետո նրանց ինքնազգացողությունները վատացել են, ինչի պատճառով էլ տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն, որտեղ Լուիզա Խ.-ն, գիտակցության չգալով, հանկարծամահ է եղել:

Արդեն տանը ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են սննդամթերքներից կտորներ, որոնք քննիչի կողմից վերցվել են՝ որպես նմուշներ՝ հետագա փորձաքննության համար:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ թունավորված երեխաներից մեկին ինտուբված անմիջապես տեղափոխել են Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոց՝ ՀՀ սանավիացիայով:

Տեղում ծանր վիճակում գտնվող երախայի կյանքը հնարավոր է եղել «Մուրացան» մանկական հիվանդանոցի բժիշկների շնորհիվ փրկել:

Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։




Լրահոս