Վարորդներն ահազանգում են, որ ավտոմեքենայի ապահովագրության արժեքը տարբեր ապահովագրական ընկերություններում տարբեր է։ Երբեք չվթարված, տուգանքներ չունեցած և բալային կրճատումներ չունեցած մեքենայի ապահովագրությունը նախկինում 28 հազար դրամ է, այժմ դարձել է 76 հազար դրամ։ Վարորդը կից տեղադրել է նաև ցանկ, թե իր մեքենայի համար որ ապահովագրական ընկերությունները, որքան գումար են պահաջում վճարել ավտոմեքենայի ապահովագրության համար։
ArmLur.am-ի հետ զրույցում «Վարորդի ընկեր» ՀԿ-ի նախագահ Տիգրան Քեյանը բացատրեց, որ ապահովագրական ծառայության արժեքները ավելացել են մի քանի պատճառներով։
«Ասեմ խնդիրն ինչումն է․ պատճառը ոչ թե անհատական մոտեցումն է վարորդներին, այլ ապահովագրական ընկերությունները ծառայությունների վերանայում են իրականացնում` 1 տարին մեկ կամ 3 ամիսը մեկ։ Դաշտն այժմ ազատականացված է, և մրցակցություն կա, ըստ այդմ սակագների ճշգրտում են անում։ Oրինակ՝ ապահովագրական ընկերություններ կան, որ ունեն շատ մատչելի գին, և թանկացվում է այլ պատճառով՝ հաշվարկներից եզրակացնում է, որ վնասով է աշխատել։ Ըստ այդմ՝ պետք է թանկացնի իր ծառայության որակը։ Ձեր նշած թանկացումը բացառիկ է, որ նման կերպ փոփոխվի։ Այս ամենը կատարվում է, քանի որ Հայաստանում երթևեկության վիճակը շատ վատ է, վթարները շատացել են, հատուցումների ծավալները մեծացել է, պահեստամասերը թանկացել են, գնահատման գները թանկացել են»։
ArmLur.am-ը հետաքրքրվեց, թե որքան է դարձել հատուցման միջին արժեքը, Տիգրան Քեյանը նշեց, որ նախկինում 5000 հոգու հաշվով հատուցման միջին արժեքը կազմել է 100 հազար, այժմ այն դարձել է 130 հազար դրամ։
Հավելենք նաև, որ ապահովագրական շուկայի շահույթը 2023 թվականին 33%-ով նվազել է։ Ընկերությունների կողմից հաճախորդներին հատուցումներն ավելի արագ են աճել, քան հավաքագրած ապահովագրավճարները։
Էմմա Միքայելյան