Ադրբեջանը ցանկանում է դառնալ BRICS-ի անդամ, հայտարարել է Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան՝ հինգշաբթի օրը Սանկտ Պետերբուրգում ելույթ ունենալով BRICS X-րդ խորհրդարանական ֆորումի լիագումար նիստում։
«Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության մեջ խրախուսում է երկխոսությունը, համագործակցությունը և համերաշխությունը ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, մասնավորապես, դա վերաբերում է BRICS-ի հետ համագործակցությանը», – ասել է Գաֆարովան։
Նրա խոսքով, այս համատեքստում համագործակցության ամրապնդումը կծառայի ընդհանուր նպատակներին։
Գաֆարովան հավելել է, որ միջազգային համակարգի արդյունավետության ապահովումը պահանջում է արդար հարաբերություններ կառուցել՝ հիմնված փոխշահավետության, միմյանց նկատմամբ հարգանքի և իրական բազմակողմանիության ամրապնդման վրա։
BRICS խումբը հիմնադրվել է 2006 թվականին՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի կողմից, իսկ Հարավաֆրիկյան Հանրապետությունը միացել է 2011 թվականին։ 2024 թվականի հունվարի 1-ին Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան դարձել են խմբի լիիրավ անդամ։