«Նորաշեն 2007» սպառողական կազմակերպության վաշխառուների զոհ դարձածները Armlur.am-ին ուշագրավ փաստեր են հայտնել ՝ իրենց գնահատմամբ իրական վաշխառուների մասին:
Գործով տուժող Ռուզաննա Զարգարյանը հայտնեց, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ազգականը` Ռազմիկ Ավագյանը, զբաղվում է մեքենաների վաճառքով, և իրականացնում է իր վաշխառությունները ` իր թիկունքում ունենալով նախկին ոստիկանապետին:
Տուժողի համոզմամբ ` Ավագյանը ներքաշել է գործի մեջ Արմեն Թադևոսյանին և Լուսաբեկ Սամվելյանին ` իմանալով հանդերձ, որ կոոպերատիվը շահույթ չի հետապնդում:
Հիշեցնենք, որ «Նորաշեն 2007»-ը 2007-2011թթ. ընթացքում բազմաթիվ քաղաքացիների հետ կնքել է բնակարանների նախնական և նախավճարի պայմանագրեր, գանձել 1.843.379.449 դրամ գումար և հափշտակել: Այս պատմության մեջ շրջանառվում է նաև ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի ամուսնու անունը:
«Ռազմիկ Ավագյանը 4 ավտոմեքենա է տվել Սամվելյանին, որից երեքը ապառիկով տալու համար ամսեկան իր գնից տասնհինգ տոկոս բարձրանում է: Այսինքն` «Ե» դասի Մերսեդեսի արժեքը 30 հազ դոլար է, երեք ամիս հետո դառնում է 45 հազ: Թադևոսյանն ու Սամվելյանն էլ համաձայնել են, որովհետև փողի պակաս են ունեցել: Հետո տալիսա 4-րդ մեքենան` LEXUS RX 470` 2004 թվականի արտադրության, 2010-ին տալիսա կոոպերատիվի նախագահին, ինքը ապառիկ տալու համար 3 ամսով` ամեն ամսի համար 20% է դնում: 3 ամիս հետո 30 հազ $-ի փոխարեն դառնում է 48հազար` իր ազգականի վրա գրանցելով Գևորգ Չաուշի 14/3 շենքի համար 48 բնակարանը` կոոպերատիվի նախագահից իմանալով, որ այդ բնակարանը պատկանում է Ռ.Զարգարյանինև Կ.Պողոսյանին: Այսինքն ` Ավագյանն զբաղվել է ակնհայտ վաշխառությամբ»,- ասաց տուժողը` հայտնելով նաև ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ամուսինն ու Ավագյանը հարկայինի աշխատակիցներ են, ինչն էլ նրանց օգնում է շատ փաստեր կոծկել:
«ՀՔԾ-ի Վաղինակ Ջանազյանը մի քանի անգամ մեզ հայտնել է, որ Ավագյանը վաշխառությամբ է զբաղվել, սակայն իրենք չեն արձանագրել, այլ տեղեկացրել են Հարկայինի պետին, որպեսզի նախազգուշացում տրվի Ավագյանին և վերադարձվեն բնակարանները, սակայն մինչ օրս սայլը տեղից չի շարժվել»,- հավելեց տուժողը:
Տուժողների համոզմամբ ` ՀՔԾ-ում այս գործերի կեսը սխալ ձևով է մեկնաբանվում: Քանի որ Հերմինե Նաղդալյանը անձամբ գնացել և ասել է, որ ուրիշ ձևով ձևակերպեն, այլապես բոլորին գործից կհեռացնի: Մինչ Նաղդալյանի այս հայտրարությունը` քննիչները որոշում էին կայացրել Նաղդալյանի ամուսնու գործողությունները ձևակերպել որպես վաշխառություն, սակայն ԱԺ փոխնախագահը որոշումը փոխել է տալիս:
«Հետագայում Նաղդալյանի ամուսինը` Դավիթ Բեգլարյանը, ասում է մի քանի սեփականատերերի, որ եթե իր դեմ ցուցմունք չտան, ինքը կվերադարձնի բնակարանները, բայց….. արդյունքը գրեթե երեք տարվա քաշքշուկն է: Երկու տարուց ավելի դատը ձգձգվում է, հետո փոխվում է դատավորը, ով, գործի նյութերին ծանոթանալու համար երեք ամսով հետաձգում է նիստը, ապա մեկ նիստ հետո կրկին հետաձգվում է` չնայած, որ նախապես հայտարարվել էր, որ շաբաթը երկու անգամ նիստ պետք է կայանար»,- բողոքեցին տուժողները ` հավելելով, որ նիստերը դիտավորյալ են հետաձգվում ` նպատակ հետապնդելով այդ կերպ մարդկանց մոտ հիասթափություն առաջացնել, ինչի արդյունքում վերջիններս հետ կվերցնեն իրենց բողոքները:
«Մարդիկ տոկոսով գումար են վերցրել, իրենց երեխաների բերանից են կտրել, մեկը վարձով ա ապրում, մեկը ` սրա-նրա պադվալներում. չեմ հասկանում ի՞նչ են մտածում իշխանական մարմինները, իրավական դաշտը: Մեր շահերը ոչ ոք չի պաշտպանում: Նախագահի նստավայրի դեմը մեռանք ցույցեր անելով, նախագահը ոչ տենումա, ոչ լսումա, էտի իրա Հերմինեն ա»,- ասացին մյուս տուժողները:
Մեկ այլ տուժողի համոզմամբ` եթե Հերմինե Նաղդալյանի փոխարեն լիներ մեկ ուրիշը, ապա նրան վաղուց կդատապարտեին:
«Հերմինեն էս երկրի տերերից է, Հերմինեին չեն կարա կպնեն: Հերմինեի էրեխեքը էրեխա են, մեր էրեխեքը չէ: Մենք իրավունք չունենք անկյուն ունենանք, ինքը ամեն էրեխուն 4 հատ տունա առել, Գլենդել հիլզում ու չգիտեմ որտեղ, բայց էլի աչքը դրելա էս խեղճ ժողովրդի տների վրա: Ցուցմունքում էլ ամուսինն ասեց թող իմ փողերը հետ տան ես իրանց տները կտամ, բայց ինքը տվելա 10 հազ դոլար, ես էլ` 10 մլն դրամ, տարբերությունը փոքր չի՞, չէ՞: Նախագահն էլ ասում ա ` Հերմինեն իմ մարտական ընկերնա, այ քեզ, բան, կրակն ընկա՞նք, որ քո մարտական ընկերնա: Մենք մնանք առանց տուն, որ քո մարտական ընկերը չնեղանա՞»,- ասաց տուժողներից մեկը:
Տաթև Հարությունյան