ArmLur.am-ի խմբագրություն ահազանգեր են ստացվում այն մասին, որ հիմա էլ «ՀԷՑ»-ն է պարբերաբար կամ ֆիքսված ժամերի իրականացնում հոսանքազրկումներ։
Ահազանգերը ստացվում են ոչ միայն մայրաքաղաք Երևանից, այլև քաղաք Արմավիրից, Էջմիածնից։
«Շատ գյուղերում արդեն գիտեն, որ ժամը 21։00-22։00 հոսանք չի լինելու։ Մի քանի ժամ կամ ամբողջ գիշեր հոսանք չենք ունենում։ Մեր տներում պարտադիր մոմ ու լուցկի ենք պահում, խայտառակություն է 21-րդ դարում։ Արմավիրցիներիների տներից անպակաս բաներ են դարձել մոմն ու լուցկին»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի բնակիչը։
Բնակչի խոսքով՝ հաճախակի հոսանքազրկումները հատկապես լինում են Լուսագյուղ համայնքում, մինչև Մարգարա գյուղի ճանապարհին գտնվող գյուղերում, Ակնաշեն համայնքում էլ՝ պարբերաբար։
Բնակիչը նաև հավելեց, որ անգամ թեթև քամու և անձրևի դեպքում էլ հոսանքազրկումը անխուսափելի է։
Այս խնդրով ArmLur.am -ը կապ հաստատեց ՀԷՑ՝ պարզելու՝ ո՞րն է պատճառը վերը նշված ժամերին հոսանքազրկումներ իրականացնելու։
ՀԷՑ-ից առայժմ պատասխան չենք ստացել, սակայն պատասխաններն ունենալու դեպքում այն կհրապարակենք։
Աննա Սրապիոնյան