ՄԵՂԱՎՈՐ ԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխանական վերնախավում հատկապես վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններն առավել քան երբեւէ ի ցույց են դնում գործող ռեժիմի ֆավորիտների  վարքաբանության եւ արժեհամակարգի դեգրադացիայի աստիճանը: Ընդ որում, սկանդալային արարքներ թույլ տվող յուրաքանչյուր հաջորդող իշխանավորի հետ ավելի հստակ է դառնում այն իրողությունը, որ Հայաստանում   բոլոր տեսակի քաղաքական, պետական, մարդկային եւ, ի վերջո, տղամարդկային արժեքների անկումը ոչ թե անձնավորված, այլ համակարգային բնույթ ունի: Մի օր երկրի վարչապետն է հարբած ելույթ ունենում, հետո նույն Տիգրան Սարգսյանի բնորոշմամբ Սյունիքի անփոփոխ «տեղական իշխանիկն» է որոշում բոլորի աչքի առջեւ կին գործարարին ծեծելով հարցերը լուծել, երեկ էլ հանքարդյունաբերության ոլորտին նվիրված ելույթի ընթացքում ԱԺ-ում «շարիկ էր գլորում» էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, որի չափազանց հետաքրքրաշարժ զբաղմունքին կլանված հետեւում էր մեկ այլ` քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: Այսինքն` գործող իշխանական համակարգի կարկառուն դեմքերը պարզապես թքած ունեն ամեն ինչի վրա. «կայֆավատ են լինում»` ով ինչպես ուզում է: Եւ դա նախընտրական տարում, երբ, թվում է, նրանք պետք է ամեն ջանք գործադրեին հանրությանը դուր գալու համար: Բայց Սերժ Սարգսյանի սիրելիները համարում են, որ իրենք այս երկրում «պրոբլեմ չունեն» այնքան ժամանակ, քանի դեռ իրենց արարքներով չեն զայրացրել «շեֆին», իսկ հանրային կարծիք, ժողովուրդի վերաբերմունք ու նման ոչինչ չորոշող  կատեգորիաները նրանց չեն հուզում: Կամ էլ` հուզում են այնքանով, որ օրինակ` վարչապետը կարծում է, որ նույն այդ հանրությանը կարելի է հայտնի կենդանու տեղը դնել եւ համոզել, որ իր` կանգնած տեղում ճոճվելն ու աչքերի կուլ գնալն էլ էր ձայնային խոտանի հետեւանք:  Եւ կամ` էներգետիկայի նախարարը, որը, չգիտես ինչ տրամաբանությամբ, հերքել է իր` iPad-ով «շարիկ գլորելու» տեսագրված իրողությունը: Դե, իսկ Լիսկայի հերքումների մասին խոսել անգամ չարժե, քանի որ անցած տասը եւ ավելի տարիների ընթացքում նա մշտապես մարդկանց ծեծում է ու հերքում: Ընդ որում, ամենեւին էլ պատահական չէր, որ Լիսկայի` մանկահասակ երեխայի ծնոտը կոտրելու մասին «Առավոտ» օրաթերթի հրապարակման  հարցով հանձնաժողով ստեղծած եւ մեղավորին պատժել խոստացած Տ.Սարգսյանը  ներկայումս արդեն իրեն նույնացնում է նույն այդ Լիսկայի հետ:
Մինչդեռ նորմալ երկրներում նման արարքներ թույլ տված պաշտոնյաները  հաջորդ օրն իսկ պաշտոնանկ կարվեին: Բայց այստեղ խնդիրը ոչ միայն պաշտոնանկ արողի` երկրի նախագահի մեջ է, այլեւ մեր` հասարակության յուրաքանչյուր անդամի: Անցած 15 տարիների ընթացքում  մենք իշխանություններին թույլ ենք տվել այն աստիճանի նսեմացնել մեր քաղաքացիական արժանապատվությունն ու ցածրացնել մեր իրավագիտակցությունը, որ նրանք իրենց այլեւս որեւէ բարոյական «տաբու»-ով կաշկանդված չեն զգում:




Լրահոս