ԳԱԶԸ` ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ «ԲԱԶԱՐԻ» ԹԵՄԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ԱԺ գարնանային նստաշրջանը եզրափակվեց ՀՅԴ-ի` գազամատակարարման ոլորտն ուսումնասիրելու նպատակով խորհրդարանական աշխատանքային խումբ  ստեղծելու  առաջարկով: Չնայած դրան, մինչ օրս աշխատանքային խումբը որեւէ նիստ չի գումարել:
Եւ եթե նախկինում խմբի ղեկավար Վարդան Բոստանջյանը բաց տեքստով կամ ակնարկներով պատճառաբանում էր, թե ամառ է, պատգամավորներն արձակուրդում են, քվորում չկա եւ այլն, ապա երեկ ասաց. «Բոլոր դեպքերում, ինձ Վարդան Այվազյանը նշանակեց` ասելով «թող նա լինի»: Դե թող լինի` թող լինի: Հիմա թող ավելի մտահոգները  ժամանակ գտնեն էդ վերաբերյալ ու առումով զբաղվելու, քանի որ ես էն խիստ անհանգստացածներից չեմ: Ով որ անհանգստացած էր, թող իրանք էլ խթանեն էդ գործը»: Վարդան Բոստանջյանի  ասած «ավելի անհանգստացածների» տակ կարել է հասկանալ ինչպես խմբի դաշնակցական պատգամավորներին, այնպես էլ Վարդան Այվազյանին, որը, բոլորին է հայտնի, թե ինչ պատճառով կանգ առավ Բոստանջյանի վրա: Ինքը կամ որեւէ այլ ՀՀԿ-ական չէր կարող գլխավորել այն խումբը, որը պետք է քաղաքականապես վատ-վատ բաներ ասեր «մեծն» «Հայռուսգազարդ»-ի մասին: Օրինակ` բացահայտեր, թե ինչպես է  ձեւավորվում գազի սակագինը, ինչ որակի գազ է մատակարարվում սպառողներին, այդ ինչպես է ստացվում, որ նախկինում մեկ բաժակ սուրճը եփվում էր 25-30 վայրկյանում, հիմա` 1 րոպեից ոչ շուտ եւ այլն:  
Ամեն դեպքում, խմբի ղեկավարը, որը նաեւ ԱԺ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահն է, այլ պատճառաբանություններ էլ բերեց` խոշոր, հիմնարար փաթեթներ են քննարկել` «Հարկային փաթեթ», բյուջե, ԸՕ, ժամանակ չի եղել: Բայց ընդունելով հանդերձ, որ «նենց չի», որ Արա Նռանյանն ու Արծվիկ Մինասյանն էլ զբաղված չեն եղել, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ եթե նրանք իրեն դիմեին նիստ գումարելու առաջարկով, ինքը պահ կգտներ, թեկուզ «գիշերվա կեսն էլ լիներ»: «Ակնհայտ է, որ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները վախենում կամ խուսափում են քննարկման առարկա դարձնել գազին առնչվող ցանկացած խնդիր»,- նշեց Արա Նռանյանը:
Վերջինս, ում պարոն Բոստանջյանի ասածը զարմացրեց, այս կապակցությամբ իրենց խմբակցության անունից առաջարկեց հրաժարվել այդ խմբում մասնակցությունից կամ ղեկավարումից եւ այն հանձնել դաշնակցականներին, եթե առկա է նման խուսափողական կեցվածք: Արա Նռանյանը նաեւ դրական պատասխանեց այն հարցին, թե  իր պատասխանից կարելի՞ է ենթադրել, որ իրենք առաջարկել են նիստ գումարել, սակայն մեծամասնությունը մերժել է:
Դե ինչ, ակնհայտ է, որ գազը ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի համար «բազարի թեմա է»: Այդ դեպքում այն, իրոք, ինչո՞ւ չեն տալիս դաշնակցականներին: Կարծում ենք` հարցադրումը հռետորական է, քանի որ  մեծամասնությունը, վախենալով, որ ՀՅԴ-ն քաղաքական դիվիդենտներ կքաղի գազից, այն էլ այս նախընտրական շրջանում,  թեկուզ  իրենց համար անպետք աթոռը երբեք ՀՅԴ-ին չի տա:
Հ.Գ. Այս առնչությամբ հիշեցինք նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի` մեր թերթին տված հարցազրույցը, որտեղ նա, ողջունելով նախաձեռնությունը, կասկած հայտնեց` արդյո՞ք ամեն ինչ չի լինի նախկին «ջրի» հանձնաժողովի նման, երբ մարդիկ լուրջ բացահայտումներ արեցին, սակայն հետո քաղաքական դրդապատճառներով հետ կանգնեցին:

ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս