
Լրատվամիջոցները հայտնում են, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գլոբալ տեխնիկական խնդիրների հետևանքով ամբողջ աշխարհում խափանվել է ավիաընկերությունների և օդանավակայանների աշխատանքը, այլ ոլորտներում ևս նկատվում են տեխնիկական խնդիրներ։
ԱՄՆ-ում դադարեցրել են աշխատանքը խոշորագույն ավիաընկերությունները, որոնց թվում են United Airlines-ը, Delta Airlines-ը և American Airlines-ը: Նրանք հայտնել են կապի հետ կապված խնդիրների մասին:
Բրիտանական Sky News հեռուստաալիքը չի կարողացել եթեր դուրս գալ, խնդիրներ ունի բրիտանական խոշորագույն երկաթուղային օպերատորը։ Ավստրալիայում խնդիրներ կան բջջային օպերատորների, բանկերի և ավիաընկերությունների հետ: Նման խնդիրների մասին են հայտնել նաև Ուկրաինայում։
Նշվում է, որ խափանման պատճառը անվտանգության համար պատասխանատու Crowdstrike ընկերության ծրագրային ապահովման թարմացման մեջ առկա ծրագրային սխալն է։ Այն Windows-ի աշխատանքում խնդիր է առաջացնում:
Microsoft ընկերությունը, մեկնաբանելով տեխնիկական խափանումը, հայտարարել է, որ ծառայությունները վերականգնվում են, շարունակում են միջոցներ ձեռնարկվել իրավիճակի կայունացման համար: