«Կասպերսկի» ընկերությունն ստեղծել է բաշխված արդյունաբերական ցանցերի կառուցման եւ պաշտպանության նոր համալիր լուծում։ Դրա կազմում են Kaspersky SD-WAN-ը եւ Kaspersky Industrial CyberSecurity -ն (KICS)։ Ընկերությունը հայտնում է, որ լուծումների համատեղ օգտագործումը թույլ է տալիս կառուցել արդյունաբերական օբյեկտների եւ համակարգերի մոնիտորինգի բաշխված համակարգ ցանկացած տեսակի ցանցերի միջոցով (MPLS, LTE եւ այլն), ապահովել տվյալների փոխանցման անկայուն ուղիներ կամ կառավարման բաշխված վահանակներով տեղային համակարգեր ունեցող աշխարհագրորեն բաշխված օբյեկտներով արդյունաբերական ձեռնարկությունների կիբեռանվտանգությունը, որտեղ լիարժեք KICS for Networks սենսոր օգտագործելու հնարավորություն չկա։
Kaspersky SD-WAN-ը լուծում է՝ նախատեսված խափանումների նկատմամբ կայուն կենտրոնացված կառավարմամբ տարածականորեն բաշխված ցանց կառուցելու համար: Այն օգնում է ապահովել արտադրական գործընթացների անընդհատությունը եւ բարձրացնել դրանց արդյունավետությունը: Kaspersky SD-WAN-ը թույլ է տալիս առանձնացնել տրաֆիկի տարբեր տեսակները եւ գերակայություններ տալ դրան, ինչը երաշխավորում է ցանցի անվտանգ տարանջատումը եւ անխափան աշխատանքը նույնիսկ անկայուն միացումների պայմաններում: Տեղակայման ընթացքում օգտագործվում են անլար կապուղիներ, ինչպես նաեւ կոմպակտ շարժական սարքեր (CPE)՝ ներառյալ հեռավոր օբյեկտներում եւ ենթակառուցվածքների դժվարամատչելի տեղերում: Zero Touch Provisioning տեխնոլոգիան թույլ է տալիս հեռավար կարգավորել ցանցային սարքերը ավտոմատ ռեժիմով, ինչը պարզեցնում եւ արագացնում է նոր արդյունաբերական օբյեկտների միացումը:
Kaspersky Industrial CyberSecurity-ն արդյունաբերական անվտանգության հավաստագրված հարթակ է: Դրա հիմքում են երկու առանցքային բաղադրիչներ՝ KICS for Nodes-ը եւ KICS for Networks-ը։ KICS for Nodes-ը նախատեսված է կառավարման ավտոմատացված համակարգերի (ԿԱՀ) Windows եւ Linux ժամանակակից կամ հնացած ՕՀ-ով գործող աշխատանքային կայանների եւ սերվերների պաշտպանության համար, այն նաեւ հարթակի սենսորն է (ԿԱՀ-ի կազմում են տվյալների կառավարման եւ հավաքագրման սերվերները (SCADA), տվյալների պահպանման սերվերները, տվյալների շլյուզները, ճարտարագետների եւ օպերատորների ստացիոնար աշխատանքային կայանները, ճարտարագետների եւ օպերատորների մոբայլ աշխատանքային կայանները, համակարգիչները, որոնք օգտագործվում են տեխնոլոգիական ցանցերի կառավարման եւ արդյունաբերական ավտոմատացման համակարգերի ԾԱ-ի մշակման համար)։ KICS for Networks-ը պլատֆորմի սերվերն է եւ թույլ է տալիս կառավարել ավտոմատացման համակարգում ներառված ակտիվները, հայտնաբերել դրանց խոցելիությունները եւ տեղեկացնել ռիսկերի մասին, ինչպես նաեւ հայտնաբերել ցանցային անոմալիաները եւ սպառնալիքները, ինչը հատկապես կարեւոր է ծրագրավորվող կոնտրոլերների, ԿԱՀ-ի ռելեային պաշտպանության տերմինալների, արդյունաբերական երթուղիչների եւ կառավարվող կոմուտատորների պաշտպանության համար։ Այն թույլ է տալիս նաեւ հայտնաբերել տեխնոլոգիական գործընթացի առանցքային պարամետրերի վտանգավոր փոփոխությունները եւ դրանց անոմալիաները արդյունաբերական պրոտոկոլների փաթեթների խորը վերահսկողության միջոցով: Համատեղ աշխատելով՝ KICS հարթակի երկու բաղադրիչները հնարավորություն են տալիս իրականացնել արդյունաբերական ավտոմատացման համակարգերի ամբողջ ծրագրային-տեխնիկական համալիրի անվտանգության խոր աուդիտ:
ԲԻԲԼԻԱԿԱՆ ՏԱՐԵԴԱՐՁ՝ ՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ
Լուչա Գալուստի Հակոբյանը նշում է իր ծննդյան 100 ամյակը. վարդենիսցի վաստակավոր ուսուցչուհին ունի 6 երեխա՝ չորս տղա եւ երկու աղջիկ, 13 թոռ եւ 25 ծոռ:
«Ժողովուրդ» օրաթերթը շնորհավորում է գործընկեր «Վարդենիս» թերթի խմբագիր Լուչա Հակոբյանի ծննդյան 100 ամյակը` մաղթելով նրան քաջառողջություն եւ ընտանեկան ջերմություն։
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Լուչա Հակոբյանը ծնվել է 1924 թվականի հուլիսի 12-ին ՀՀ Արթիկի շրջանի Վարդաքար գյուղում: Տեղի դպրոցն ավարտելուց հետո՝ 1940 թվականին, ընդունվել է Երեւանի մանկավարժական ուսումնարան, որն ավարտել է 1941 թվականին:
Ուսումնարանն ավարտելուց անմիջապես հետո կամավորագրվել է որպես գթության քույր եւ ծառայել Երեւանի հոսպիտալում մինչեւ 1942 թվականի մայիս ամիսը:
1942 թվականին տեղափոխվել է Տագանրոգի հակաօդային պաշտպանության զենիթային գունդ՝ որպես գնդացրորդ: Ծառայության ընթացքում եւ դրանից հետո ստացել է բազմաթիվ շքանշաններ, մեդալներ եւ պատվոգրեր:
1945 թվականի հուլիսին զորացրվել է ԽՍՀՄ զինված ուժերից: Նույն թվականին ընդունվել եւ 1949 թվականին ավարտել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագիտության ֆակուլտետը:
Ինստիտուտն ավարտելուց հետո ամուսնացել է Վարդենիսցի գեղեցկատես երիտասարդի՝ Սաշա Սահակյանի հետ եւ տեղափոխվել Վարդենիս:
Վարդենիսում ընդունվել է թիվ 1 միջնակարգ դպրոց, որտեղ աշխատել է որպես լեզվի ու գրականության ուսուցչուհի: Շրջանի եւ այն ժամանակվա լուսավորության նախարարության ղեկավարությունը, տեսնելով եւ գնահատելով Լ. Հակոբյանի կազմակերպչական ունակություններն ու գիտելիքները, 1952 թվականին նրան առաջարկում եւ նշանակում է Վարդենիսի ութամյա դպրոցի տնօրեն, որը նրա ղեկավարման տարիներին դառնում է միջնակարգ դպրոց:
1965 թվականին ՀԽՍՀ գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով՝ նրան շնորհվում է ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչուհու կոչում:
1970 թվականին շրջանի ղեկավարության պահանջով Լ. Հակոբյանը նշանակվում է «Վարդենիս» թերթի խմբագիր, իսկ 1972 թվականին՝ շրջգործկոմի կոլտուրայի բաժնի վարիչ:
1976 թվականին հիվանդության պատճառով ազատվում է զբաղեցրած պաշտոնից: Երկարատեւ բուժումից հետո վերադառնում է մանկավարժական աշխատանքի։
1987 թվականից անցել է վաստակած հանգստի:
ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԹԱՆԿ ԵՆ
Դիլիջանի հյուրանոցներում բավականին թանկարժեք սպասարկում է գործում, որի պատճառով տուրիստական սեզոնին քաղաքի շատ հյուրանոցներ կիսադատարկ են. հայաստանցիները, Դիլիջանում հանգստանալու փոխարեն, գերադասում են արտերկրում, ավելի քիչ ծախսով հանգստանալ։ Դիլիջանցիների «Դիլիջանցիք» ֆեյսբուքյան խմբում այդ թեմայով քննարկում է, մտահոգություն կա, որ հյուրանոցների թանկ գները վնասում են Դիլիջանի զբոսաշրջային իմիջին, նշվել է, որ այդքան թանկ գներով հյուրանոցներն օվկանոսի ափին չեն, կամ Փարիզից հրավիրված հմուտ խոհարար չունեն։ Այդ խմբում քննարկման մասնակիցներից հայտնել են, որ Դիլիջանում կան նաեւ ավելի մատչելի գնով հյուրատներ։ Քննարկման մասնակիցներից մեկն էլ գրել է, որ թանկ հյուրանոցները գրոշներ են վճարում ծանր գործ անող աշխատողներին. «Իսկ ամենաահավորը, որ այդ «թիվ կրակողները» իրենց աշխատակիցներին գրոշներ են տալիս միայն. 4-5 հոգու գործը բարդում մի մաքրուհու վրա (30 սենյակ մաքրել 1 օրում) ու վճարում 3000-4000դր. օրը. իսկ եթե մի ուրիշն էլ բացում է նոր հյուրանոց ու «լավություն» անում` 5000դր. վճարելով, ուրեմն 7 հոգու տեղ է ծանրաբեռնելու»։
ՄԱՐԶՊԵՏԸ ԱՆՏԵՂՅԱԿ Է
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել ենք, թե 2023-2024 ուսումնական տարում Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների ընդհանուր թվով քանի՞ ուսուցիչ է մասնակցել կամավոր ատեստավորմանը, նրանցից քանիսը ատեստավորումից ի՞նչ արդյունքներ են ունեցել։ Մարզպետարանից պատասխանել են. «Տավուշի մարզպետի աշխատակազմը չունի տեղեկատվություն` 2023-2024 ուսումնական տարում քանի ուսուցիչ է ներկայացրել հայտ` մասնակցելու կամավոր ատեստավորմանը, քանի որ այդ գործընթացը պարտադիր գործընթաց չէ /կամավորության սկզբուքով է/: Արդյունքներից առկա է հետեւյալ տեղեկատվությունը՝ 60-69 միավոր՝ 36 ուսուցիչ, 70-79 միավոր /30%/ 44 ուսուցիչ, 80-89 միավոր /40%/ 22 ուսուցիչ, 90-100 միավոր /50%/ 4 ուսուցիչ»:
Մարզպետը տեղեկություն չունի, չի էլ ուզում ունենալ, թե մարզպետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների քանի՞ ուսուցիչ է «կտրվել» ատեստացիայից. նա ունի միայն ատեստացիայից դրական արդյունքներ ունեցած ուսուցիչների թիվը։
ՇԵՆՔԻ 1-9 ՀԱՐԿԵՐԸ ՀԵՂԵՂՎԵԼ ԵՆ
Դիլիջան քաղաքի բնակիչ Գուրգեն Բուռնուչյանը «Ֆեյսբուքի»` «Դիլիջանցիք» խմբում զետեղել է քաղաքի Շամախյան 2-րդ Բ շենքից տեսանյութ։ Բնակիչը գրել է, որ համայնքապետարանի տվյալներով՝ այդ շենքի տանիքը, իբրեւ թե, նորոգված է։ Բազմաբնակարան շենքի 1-9 հարկերը հեղեղվել են։ Բնակիչը համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին խնդրել է հարցին լուծում տալ, կամ տալ այն մարդու անունը, ով կարող է խնդիրը լուծել։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ