ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻՑ ՄԵԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն: Մանկական առցանց անվտանգության Kaspersky Safe Kids հավելվածը AV-TEST եւ AV-Comparatives անկախ կազմակերպությունների թեստավորումների արդյունքում արժանացել է որակի (Approved) հավաստագրերի։ Երկու լաբորատորիաներն էլ նշել են լուծման բարձր արդյունավետությունը տարիքին անհամապատասխան բովանդակության արգելափակման գործում:

 

«Կասպերսկի» ընկերությունը տեղեկացնում է, որ Windows հարթակում մեծահասակների համար նախատեսված բովանդակությունը AV-TEST-ի եւ AV-Comparatives-ի թեստերում արգելափակվել է, համապատասխանաբար, 100% եւ 98,1%-ով: Kaspersky Safe Kids-ը դարձել է 2015-ից ի վեր AV-TEST-ի թեստերի պատմության մեջ միակ լուծումը, որն այս կատեգորիայում ամենաբարձր արդյունքն է գրանցել, եւ դա տեղի է ունեցել երկու անգամ (2021 եւ 2023 թվականներին): AV-Comparatives-ի հետազոտության արդյունքում լուծումը դարձել է միակ հավաստագրվածը հինգ մասնակիցների մեջ: Նույն արդյունքը այն ցույց է տվել 2019, 2021 եւ 2022 թվականներին։

Թեստավորման լաբորատորիաներից յուրաքանչյուրը փորձարկումներն իրականացնում է իր սեփական մեթոդիկաներին համապատասխան: AV-TEST-ի մասնագետները թեստի համար օգտագործել են 7500 կայք վեց լեզուներով, որոնք վերաբերել են բովանդակության 13 կատեգորիաների։ Դրանց թվում են մեծահասակների բովանդակությունը, բռնության, զենքի եւ մոլախաղերի ցուցադրումը։ Լուծումը Windows հարթակում արգելափակել է մեծահասակների համար նախատեսված կայքերի 100%-ը, իսկ ընդհանուր առմամբ՝ երեխաներին չհամապատասխանող տարբեր կատեգորիաների նյութերի 92,2%-ը: Android հարթակում լուծումն արգելափակել է մեծահասակների համար նախատեսված կայքերի 99,09%-ը։ Հավելվածն արդեն ութերորդ անգամ անընդմեջ ստացել է AV-TEST-ի հավաստագիր եւ դարձել միակը շուկայում, որ հասել է նման նվաճման:

AV-Comparatives-ի թեստում Kaspersky Safe Kids լուծումը Windows հարթակում արգելափակել է մեծահասակների համար ռեսուրսների 98,1%-ը՝ ընդ որում՝ չկատարելով որեւէ կեղծ գործարկում: AV- Comparatives-ի փորձագետները նաեւ նշել են Kaspersky Safe Kids-ի լայն հնարավորությունները երեխաներիառցանց ակտիվության վերահսկման տեսանկյունից, ինչպես նաեւ երեխայի սարքում այն փոփոխությունների հայտնվելու արագությունը, որոնք կատարվել են ծնողի սարքից:

«Մանկական առցանց անվտանգությունն առանցքային ուղղություններից մեկն է մեզ համար։ Մեր նպատակն է ծնողներին վստահություն հաղորդել, որ իրենց երեխաները հուսալի պաշտպանված են համացանցում: Մենք հպարտ ենք, որ անկախ փորձագետները հերթական անգամ բարձր են գնահատել մեր ջանքերն այս ուղղությամբ»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության բովանդակության վերլուծության փորձագետ Աննա Լարկինան:

«Կասպերսկի» ընկերությունը համացանցում երեխաների պաշտպանության համար նախատեսված իր պրոդուկտների հնարավորությունները թեստավորում է 2014-ից։

Ընկերությունը ոչ միայն թողարկում է մանկական կիբեռանվտանգության պրոդուկտներ, այլեւ բարձրացնում է համացանցի ամենապատանի օգտատերերի թվային գրագիտության մակարդակը: 2024-ին «Կասպերսկի» ընկերությունը թողարկել է Կիբեռայբբենարան։ Սա գիրք է, որը երեխաներին սովորեցնում է ճանաչել խարդախների հնարքները եւ գիտակցել առցանց անվտանգության կարեւորությունը:

 

 

ԻՆՉ ԻՐԱՎԻՃԱԿ Է ԲՋՆԻՈՒՄ

Չարենցավան խոշորացված համայնքի Բջնի գյուղում խնդիրներն անհամար են։

Խնդիրներից մեկը ամբողջ հանրապետությունով տարածված է, այն է՝ քարուքանդ ճանապարհահատվածներ. սակայն այսքանով ամեն բան ավարտված չէ։

Գյուղում խմելու եւ ոռոգման ջուրը կարճ ժամանակահատվածով է տրամադրվում տեղի բնակիչներին, ինչը անհարմարություններ է ստեղծում առօրյա կյանքում։

Անդրադառնալով գյուղում առկա խնդիրներին` տեղի բնակիչներից մեկը պատմեց, որ թե՛ ջրամատակարարումը, թե՛ քարուքանդ ճանապարհահատվածները անհանգստացնում են։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գյուղի բնակիչ Գրիշա պապիկը պատմեց, որ ոտքով ջուր է բերել սարերից՝ 3 կիլոմետր անցնելով։ Գյուղի բնակիչ Գրիշա պապիկը նաեւ նշեց, որ իր հավաքած ջուրը միայն ինքը չի օգտագործում, հարեւանները եւս օգտվում են։

Հետ վերադառնալով ճանապարհների քարուքանդ իրավիճակին՝ տեղի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ հիմա ոչինչ չի արվում ճանապարհները նորոգելու համար, բայց չնայած այդ փաստին՝ ինքը գյուղի մի քանի երեխաների հետ փորձում է փոքրիշատե նորոգել այն։

Այս խնդրի մասին Գրիշա պապիկը նաեւ պատմեց, որ հատուկ այնպիսի մեքենաներ է գնել, որ կարողանա քարուքանդ ճանապարհահատվածներով երթեւեկել եւ հարկ եղած դեպքում իր հյուրերին հասցնել տուն։

Գյուղի խնդիրների շուրջ մեզ հետ զրուցել է նաեւ Չարենցավան խոշորացված համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամ Դավիթ Պապոյանը։

Ահա հազարավոր խնդիրներից եւս մի քանիսը, որոնց վրա մեծ հաշվով աչք են փակում եւ այդ խնդիրները օրերից մի օր մոռացվում են։

 

 

 

ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄ

Գնահատման եւ թեստավորման կենտրոնը մեկնարկել է լրացուցիչ մրցույթի (բուհերում թափուր մնացած տեղերի համար) հայտագրման գործընթացը:

Dimord.am կայքում դիմում-հայտ կարող են ներկայացնել ինչպես հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները, այնպես էլ հիմնական մրցույթին չմասնակցած, սակայն միասնական քննություններից դրական միավորներ ունեցողները:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ լրացուցիչ մրցույթին մասնակցող դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի մինչեւ վեց մասնագիտություն, եթե այդ մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, եւ այդ մասնագիտությունների համար սահմանված երկու միասնական քննությունից դիմորդն ունի դրական միավորներ՝ 7,5 եւ բարձր:

Հայտագրման գործընթացը կավարտվի հուլիսի 26-ին՝ ժամը 18:00-ին:

Թափուր տեղերի ցանկը հասանելի է dimord.am-ում: Մրցույթի ընթացքում նախապատվությունը տրվելու է հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդներին: Հիմնական փուլի մրցույթով արդեն ընդունված դիմորդները լրացուցիչ մրցույթին մասնակցել չեն կարող։

Թափուր տեղերի մրցույթի արդյունքների հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 30-ն է:

 

 

ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒՑ

Տավուշի մարզի Իջեւան համայնքի Կիրանց գյուղի բնակիչներից տեղեկացանք, որ գյուղի 7 բնակիչ հրաժարվել է իրենց պատկանող, սահմանազատման անվան տակ Ադրբեջանին միակողմանի կերպով հանձնված տարածքների համար պետական բյուջեից դրամական փոխհատուցում ստանալուց։ Նրանց հրաժարվելու պատճառը դրամական փոխհատուցման չափը չէ. այդ մարդիկ համոզված են, որ իրենց պատկանող հողերը Ադրբեջանին հանձնելը անօրինական, հակահայկական գործընթաց է։

 

ՊՈՒՅ-ՊՈՒՅ ՄԿՆԻԿԻ ՆՄԱՆ…

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը եւ մարզպետարանի պաշտոնյաները 2023 թվականին, բացի համեմատաբար բարձր աշխատավարձերից, պետական բյուջեից ստացել են 71 միլիոն 960 հազար դրամի պարգեւավճար։ 2024թ. հունիսի 15-ի դրությամբ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր մարզպետը եւ մարզպետարանի պաշտոնյաները պետական բյուջեից պարգեւատրվել են 32 միլիոն 75 հազար դրամի չափով։ Թե ինչ նվաճումների, աշխատանքային ձեռքբերումների   համար են նրանք 12 միլիարդ  արտաքին պարտք ունեցող  Հայաստանի  պետական սուղ բյուջեից առատորեն պարգեւատրվում, հայտնի չէ։ Տավուշի մարզպետարանի միջոցով մարզի սոցիալապես անապահով, բուժման կարիք ունեցող բնակիչներին պետբյուջեից ամեն տարի որոշակի չափով ֆինանսական աջակցություն է ցուցաբերվում։ Երբ սոցիալապես անապահով, տարբեր խնդիրներ ունեցող  բնակիչները ֆինանսական աջակցության համար դիմում են մարզպետին, հաճախ մերժում են ստանում մարզպետարանի համապատասխան հանձնաժողովի կողմից։ Հանձնաժողովը մերժելու համար տարբեր պատճառաբանություններ է բերում, դրանցից մեկն է այն է, որ կարիքավոր, ծանր հիվանդ, բուժման կարիք ունեցող քաղաքացին տարին միայն մեկ անգամ կարող է պետական բյուջեից աջակցության գումար ստանալ։ Եթե քաղաքացին 2023թ. նոյեմբերին մարզպետարանի միջոցով աջակցության գումար է ստացել, 2024 թվականին աջակցության գումար կարող է ստանալ ոչ շուտ, քան այս տարվա նոյեմբեր ամսին։ Մարզպետարանից հայտնում են, որ այդ պահանջը նշված հանձնաժողովի ներքին կանոնակարգով է սահմանված։ Մարզպետն ու մարզպետարանի պաշտոնյաները իրենց ոչ արդյունավետ աշխատանքի համար տարվա ընթացքում բազում անգամ պարգեւավճարներ են ստանում, սակայն իրենց «կուշտ հալով»  կարիքավորներներին «մանր են բրդում»։ Մարզպետն ու մարզպետարանի պաշտոնյաները պետական բյուջեից միլիոնավոր դրամների պարգեւավճարներ ստանալով՝ իրենց զգում են կոկոսի մեջ հայտնված Պույ-Պույ մկնիկի նման:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս