ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՏՈՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ուսանողության միջազգային օրն է: Նոյեմբերի 17-ն ամրագրվեց որպես տոն 1946 թվականին Պրահայում ուսանողների համաշխարհային կոնգրեսում:
Տոնի կապակցությամբ զրուցեցինք հայկական էստրադային ուսանողուհի-երգչուհիներից մեկի` Մարիի հետ, ով Վ.Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի 2-րդ կուրսի ուսանող է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մարին հավաստեց, որ ուսանողների հետաքրքրություններն այսօր շատ-շատ են. «Եթե մեր համալսարանի մասին խոսեմ, բացի դասերից, ունենք նաեւ  ուսանողական խորհուրդ, որտեղ ուսանողները կարող են գրանցվել եւ այնտեղ դրսեւորել իրենց գաղափարները»: Եւ քանի որ Մարին ուսանողական խորհրդի  մշակույթի հանձնաժողովի փոխնախագահն է, ակտիվորեն մասնակցում է համալսարանում ընթացող բոլոր միջոցառումներին:
Նա նաեւ հավելեց, որ ուսանողական տարին այնքան արագ անցավ, որ ինքը նույնիսկ չհասցրեց գիտակցել: Բայց ամենից զավեշտալին այն էր, որ չգիտեր, թե որ բաժինն է ընդունվել. «Ես այդ ժամանակ քաղաքում չէի, երբ մայրս զանգեց, ասաց, որ ընդունվել եմ, հարցրի` ո՞ր բաժինը, ասաց. «Վա~յ, մոռացա նայեմ»: Դե ես էլ սեպտեմբերի 1-ին միայնակ գնացի դասի ու կանգնեցի այդ ամբոխի մեջ` փորձելով հասկանալ, թե որ ուղղությամբ գնամ: Բոլորը ոգեւորված գնում էին, իսկ ես չգիտեի նույնիսկ իմ բաժինը: Հիասթափված տուն գնացի ու ասացի, որ վաղվանից դասի չեմ գնալու, կրկին դպրոց եմ ուզում: Առաջին 1 ամիսն ինձ համար շատ դժվար էր, բայց հիմա չեմ պատկերացնում իմ կյանքն առանց ուսանողական եռուզեռի»:
Երգչուհու խոսքերով` այսօվա ուսանողին ոչինչ չի պակասում, մանավանդ, որ  քննություններն էլ սկսել են համակարգչային տարբերակով հանձնել: Իսկ վերջում Մարին հորդորեց ուսանողներին նախ սիրել այն հաստատությունը, որտեղ սովորում են, հետո էլ վստահեցրեց, որ այդ 4 տարին ամենաուրախ, հիշվող ու կարեւոր ժամանակաշրջաններից մեկն է, որի ընթացքում պետք է փորձես ստանալ մաքսիմալ գիտելիքներ:




Լրահոս