«Դեմ եմ» շարժումն ավելի շատ կշահեր, եթե…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am լրատվականը զրուցեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ` պարզելու` հնարավոր է արդյոք քաղաքական չորս ուժերը, այդ թվում նաև` ՀԱԿ-ը, որոնք կանգնած են «Դեմ եմ» նախաձեռնության  կողքին, համոզեն նախաձեռնության  անդամներին երկխոսել  իշխանության հետ օրենքի քննարկման համար:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել էր  երկխոսություն «Դեմ եմ»-ի անդամներին, սակայն  նախաձեռնությունը դա համարել էր ուշացած: Նախաձեռնությունը նաև հայտարարել էր, որ  կերկխոսեն այն դեպքում, եթե հանվի «պարտադիր» բաղադրիչը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ ՀԱԿ-ը «Դեմ եմ»-ի կողքին կանգնած չէ. «Մենք անում ենք ընդհանուր գործ: Մենք դեմ ենք  կենսաթոշակային պարտադիր հիմնադրամներին, ընդ որում ` ՀԱԿ-ը առաջինն է, որ առաջարկել է իր մոտեցումները կենսաթոշակային օրենքի  հետ կապված»:

Ըստ քաղաքական գործչի ` «Դեմ եմ» շարժմանը  ՀԱԿ-ը դիտարկում է գործընկեր:  Ինչ վերաբերում է վարչապետին տված «Դեմ եմ»-ի  պատասխանին, Զուրաբյանն այն  համարում է ճիշտ, որովհետև չի պատկերացնում ` ինչպես կարելի է  երկխոսության մեջ մտնել քրեապետական բնույթը մի քանի անգամ ապացուցած  կառավարության հետ:

-Պրն Զուրաբյան, հավանական երկխոսություն կառավարության հետ բացառո՞ւմ եք:

-Ինչի մասին երկխոսություն: «Պարտադիրը»  կամ պետք է լինի, կամ չլինի:

-Քանի որ ՀԱԿ-ն ունի երկխոսության փորձ իշխանության հետ, միգուցե խորհուրդ տա «Դեմ եմ»-ին նստել բանակցության սեղանի շուրջ իշխանության հետ:

-Այն երկխոսության փորձը, որի մասին դուք խոսում եք, կապված էր իշխանության հեռացման գործընթացը սահուն դարձնելու խնդրի շուրջ: Մենք երկխոսել ենք  Հայաստանի դեպի ժողովրդավարություն անցման գործընթացի վերաբերյալ: Իսկ երկխոսել լուծումների մասին, անիմաստ է:

-Իսկ եթե հանկարծ «պարտադիր» բաղադրիչը հանվի, արդյոք այսքանից հետո հնարավոր է երկխոսություն կառավարության հետ, ինչպես հայտարարել էր «Դեմ եմ» նախաձեռնությունը:

-Ես  չգիտեմ` դա իրենցից հարցրեք: Եթե պարտադիրը հանվի,  կնշանակի շարժումը կատարել է իրենց առաքելությունը:

-Իշխանության ներկայացուցիչներից մեկը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ կառավարությունը ուշ թե շուտ լուծելու է  կենսաթոշակային նոր օրենքի դեմ բողոքող քաղաքացիների խնդիրը: Փաստորեն, իշխանությունը անուղղակիորեն   հասկացնում է, որ կառավարությունը կլուծի քաղաքացիներին հուզող խնդիրները` առանց 3-րդ ուժի ` ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի  մասնակցության: Խաղից դուրս մնալու  վտանգ չե՞ք  տեսնում:

-Ես վտանգ չեմ տեսնում: Եթե լուծում են այդ հարցը, թող լուծեն: Մենք, ի վերջո ուզում ենք, որ հարցը լուծվի: Մենք  ավելի կարևոր հարց ունենք `  պետք է հեռացնել այս իշխանություններին ու հիմա մենք այդ գործընթացի մեջ ենք ոչ իշխանական չորս ուժերի հետ:

-«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը  պարբերաբար հայտարարում է, որ  իրենց շարժումը քաղաքացիական  է, ոչ թե քաղաքական: Կարելի ՞է ենթադրել, որ միգուցե քաղաքացիական նախաձեռնության անդամները չեն վստահում իրենց աջակից քաղաքական չորս ուժերին և մտավախություն ունեն, որ այդ ուժերը միգուցե կվիժեցնեն շարժումը, եթե այն քաղաքականանա:

-Ես ինձ իրավունք չեմ վերապահում որևէ բան թելադրել «Դեմ եմ»  շարժմանը: Կարծում եմ, որ նրանք լավ գործ են անում, ունեն կազմակերպչական բարձր մակարդակ: Ինչ վերաբերում է քաղաքական-չքաղաքական դառնալուն, ինձ համար գոնե շարժումը քաղաքացիական  համարելու այդ թեզի խորացման համար ավելի շատ շահագրգռված են իշխանությունները: Չնայած, կան մարդիկ, որոնք ազնիվ կերպով հավատում են, որ այս շարժումը քաղաքացիական է: Իշխանության համար ամենամեծ վտանգն այն է, որ որևէ ընդվզում  հանկարծ վտանգավոր չդառնա իշխանության համար: Ես կարծում եմ` իշխանությունը կսկսի նահանջել այն պահին, երբ վտանգ զգա իր իշխանության համար, հասկանա, որ կորցնում է իր իշխանությունը, կսկսի զիջել:

-Կարծում եք ` իշխանության մատը խա՞ռն է, որ  շարժումը համարվի միայն քաղաքացիական:

Իշխանության մատը խառն է այնքանով, ինչքանով նրա հպատակ լրատվամիջոցները զբաղված են  շարժումը քաղաքացիական համարելու թեզը  քարոզելով: Իհարկե, այդ թեզը կարող են քարոզել `  որպես անկեղծ համոզմունք, որոնց ես չեմ մեղադրում, քանի որ  գուցե նրանք քաղաքականապես թրծված չեն:  Ես կարծում եմ ` «Դեմ եմ» շարժումն ավելի շատ կշահեր, եթե այն ընթանար որպես 5 միավորի («Դեմ եմ» + ԱԺ ոչ իշխանական չորս ուժեր-խմբ.) համատեղում: Ես վստահ եմ` եթե այդ 5 ուժերը համատեղ կազմակերպեին  հանրահավաք, Ազատության հրապարակը լեփ-լեցուն կլիներ, մի բան էլ ավելի:Այդ դեպքում իշխանությունները ստիպված կլինեին նահանջել: Այս հեռանկարն աչքի առաջ ունենալով ` չի բացառվում, որ նահանջեն:

-Կարո՞ղ է արդյոք «Դեմ եմ»-ն միայնակ իր ուժերով հասնել ցանկալի արդյունքի:

-Ես վստահ եմ` միայնակ իրենք ոչ մի արդյունքի չեն հասնի: Միակ բանը, որը կարող է  վախեցնել այս իշխանություններին, համախմբված պայքարն է, որին կմասնակցեն նաև ընդդիմադիր քաղաքական ուժերը: Եթե իշխանությունը զգա նման վտանգ, միգուցե գնա սեպարատ բանակցությունների «Դեմ եմ» շարժման հետ` վախենալով քաղաքական զարգացումներից և  ցույց տալով իբր, որ այդ զիջումները կատարվում են ոչ թե ընդդիմադիր ուժերի, այլ «Դեմ եմ» շարժման համար: Անգամ եթե այդպես լինի, ես դա կգնահատեմ մեծ հաջողություն:

-Փաստորեն, համաձայն չե՞ք այն տեսակետին, որ միգուցե «Դեմ եմ» շարժումը չի վստահում -ԱԺ չորս ոչ իշխանական ուժերին, այդ պատճառով էլ չի ցանկանում, որ շարժումը քաղաքականանա:

-Գուցե առանձին մարդիկ չվստահեն կամ զոհ դառնան որոշակի  քարոզչամեքենայի ու լեգենդների, որոնք նետվում են իշխանության կողմից:  Ես չեմ մեղադրում այդ մարդկանց:

-Խոսքս ողջ շարժման, այլ ոչ թե մի քանի անդամների մասին է:

-Ես նման բան չեմ նկատել: Եթե նման բան կա, դա ավելի է բարդացնում պայքարը: Եթե գործի մեջ ես մտնում ու չես վստահում, նշանակում է`գործի հաջողությանը խփել: Մենք, օրինակ, վստահում ենք մեր գործընկերներին:

Սոնա Դավթյան




Լրահոս