Մանե Թանդիլյանի մոտեցումները փոխվե՞լ են. ինչ էր ասում նախարար դառնալուց առաջ և հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանն, ինչպես հայտնի է, ժամանակին «Դեմ եմ» շարժման ակտիվիստներից մեկն էր եւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ամենաակտիվ պայքարողներից: Իսկ ներկայում Թանդիլյանը` արդեն Սոցապնախարարի կարգավիճակում, բավական փոխել է այս հարցի շուրջ մոտեցումը եւ չի շտապում այն վերացնել:
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Մանե Թանդիլյանի կողմից արված արտահայտությունները թեմայի շուրջ տարբեր տարիներին:

09.04.2014 «Կարեւոր է այն, որ համարձակություն են դրսեւորել պաշտպանելու իրենց աշխատակիցների իրավունքները` չգանձելով 5 տոկոսները: Պայքարը շարունակելու ենք մինչեւ խնդրի օրինական լուծմանը հասնելը»,-ասել էր «Դեմ եմ» շարժման հիմնադիր-անդամ Մանե Թանդիլյանը :

31.03.2016 «Մի երկրում, որտեղ չկա պետության նկատմամբ վստահություն,« պարտադիր» բաղադրիչն աշխատել չի կարող: Մարդիկ ուղղակի հրաժարվել են այդ գումարներից, և սա շատ ձեռնտու է նրանց, ովքեր գումարները հավաքագրում են: Հենց դա է խնդիրը, որ մենք «պարտադիրը» համարում ենք անթույլատրելի: Բայց եթե կամավոր լինի, մարդիկ իրենց կամքով կմիանան, կհետևեն, կհետաքրքրվեն և կիմանան, թե ինչ է կատարվում իրենց գումարների հետ»,-«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր ԼՀԿ անդամ Մանե Թանդիլյանը, ով շարունակում էր պայքարել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ:

17.05.2018 Կառավարության նիստից հետո հարցին` հնարավոր է կուտակային կենսաթոշակային համակարգի կասեցում, արդեն Սոցապնախարարի կարգավիճակում Մանե Թանդիլյանը նշել էր. «Դիտարկում ենք»:

21.05. 2018 Սոցապնախարար Մանե Թանդիլյանը սոցցանցում եւս մեկ պարզաբանմամբ հանդես եկավ: Նա մասնավորապես նշել էր. «Հայաստանին կուտակային համակարգ պետք է, քանզի մարդը պետք է ունենա ընտրության հնարավորություն՝ ինքն ուզո՞ւմ է իրեն ապահովի այսօր իր իսկ միջոցներով, թե՞ ոչ։ Պետությունը պետք է ապահովի այդ ընտրության հնարավորությունը։

Մեր կառավարությունն, անկախ այն հանգամանքից, թե ում կողմից է կառավարվում, կառավարությունն է նաև մոտ 200,000 վարձու աշխատողի, ովքեր այսօր պարտադիր կուտակայինի մասնակից են (անկախ հանգամանքներից), և ում գումարները շրջանառվում են՝ գտնվելով պետության պատասխանատվության ներքո։ Այսօրվա գործող օրենքի որոշ դրույթներ էապես տարբերվում են այն օրենքից, որը ուժի մեջ պետք է մտներ 2014 հունվարից: Բավարա՞ր է արդյոք, իմ կարծիքով՝ ո՛չ: Դրանից բացի, օրենքի որևէ հնարավոր փոփոխություն դեռ պետք է ընդունվի ՀՀ կառավարության և ապա Ազգային ժողովի կողմից: Այսպիսով, այո՛, կուտակայինի «պարտադիր» բաղադրիչի` ուժի մեջ մտնելու ժամկետը մոտենում է։

Հետևաբար պետք է ժամանակ այնպիսի լուծում գտնելու համար, որը հնարավորություն կտա ներդնել լայն հանրության համար ընդունելի, հասկանալի և ցանկալի համակարգ: Հենց այդ ուղղությամբ են այսօր տարվում աշխատանքներ»:

Այսպիսով, կուտակային կենսաթոշակային համակարգը գոնե հիմա շարունակում է նույն կերպ գործել, եւ եթե նորանշանակ նախարարը որեւէ քայլ չձեռնարկի, հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի համակարգի «պարտադիր» բաղադրիչը:

Հ.Գ. Ի դեպ, մինչ նախարարը նման հայտարարություններ է անում, կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի վերանայման մասին հարցին ի պատասխան` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Պետք է քննարկվի, որովհետեւ հնարավոր է որոշակի գիծ է անցել: Ինչ-որ գումար կա, որ մարդիկ ասում են՝ չենք ուզում վճարել, որովհետեւ իրենց սոցիալական վիճակի վրա ազդում է: Հիմա այդ իրավիճակը կքննարկվի, կառաջարկվեն լուծումներ, որոնք հանրության համար ընկալելի կլինեն»:

Նա նաեւ պնդել է. «Առաջիկայում տեղի կունենան քննարկումներ բոլոր շահագրգիռ մարմինների հետ: Մենք կտեսնենք, թե ինչ իրողություններ կան, որովհետեւ շատ կարեւոր է, որ մենք արձանագրենք իրողությունները եւ առաջարկենք կոնկրետ լուծումներ: Կարծում եմ` կառաջարկենք այնպիսի լուծումներ, որոնք ընկալելի կլինեն հանրության համար»:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս