Հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող մարզային հեռուստաընկերությունների համար սահմանվել է պայմանագրի համահարթ սակագին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային մուլտիպլեքսի միջոցով հեռարձակում իրականացնող մի շարք մարզային հեռուստաընկերություններ 2024 թվականի հունիսի 27-ին աջակցություն ստանալու խնդրանքով դիմել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին. որոշվել է նվազեցնել պայմանագրային գումարը՝ սահմանելով համահարթ վարձավճար:

Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:

«Հեռուստաընկերությունների կողմից ներկայացված մտահոգություններն ու փաստարկները հիմնականում վերաբերում էին վերջիններիս ֆինանսական եկամուտների կտրուկ նվազմանը, ինչն էլ իր հերթին բերում է պարտքերի կուտակման և մոտ ապագայում կարող է հանգեցնել հեռուստաընկերությունների փակմանը:

Մանրակրկիտ ուսումնասիրելով և քննարկելով հեռուստաընկերությունների կողմից ներկայացված փաստարկները, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջնորդությամբ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը որոշում է կայացրել 2024 թվականի օգոստոսի 1-ից 20-40 տոկոսով նվազեցնել հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող մարզային հեռուստաընկերությունների պայմանագրային գումարը՝ յուրաքանչյուրի համար սահմանելով ամսական 200 հազար դրամ համահարթ վարձավճար։

Հարկ է նշել, որ որոշումը կայացնելիս հաշվի է առնվել նաև փոքր քաղաքների և գյուղերի բնակչության շրջանում մարզային հեռուստաընկերությունների մեծ պահանջարկը, ինչպես նաև դրանց կայուն զարգացման ռազմավարական նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս