Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ, որի ընթացքում նա վրդովմունք է հայտնել Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության կապակցությամբ։ Նրա կարծիքով՝ դա վերածվել է ոչ ավանդական հարաբերությունների խթանման ակցիայի։
«Նախագահ Էրդողանն ասել է, որ Փարիզում Օլիմպիական խաղերի բացման ժամանակ կազմակերպված անբարո ցուցադրումներն առաջացրել են վրդովմունք։ Նա ասել է, որ խոսքի ազատության և հանդուրժողականության քողի տակ ոտնահարվում է մարդկային արժանապատվությունը, ծաղրի են ենթարկվում կրոնական և բարոյական արժեքները։ Սա վիրավորում է մահմեդականներին ոչ պակաս, քան քրիստոնեական աշխարհին։
Նախագահ Էրդողանը նաև ասել է, որ կրոնական արժեքներին մարտահրավեր նետելը, այլասերված քարոզչությունը և բարոյական անկումը, որի մեջ աշխարհը սուզվում է մարդկանց համախմբելու նպատակով անցկացվող Օլիմպիական խաղերում, տագնապալի ազդանշաններ են», – ասվում է Թուրքիայի ղեկավարի վարչակազմի հաղորդագրության մեջ։