«Հայազն» կուսակցությունը ձևավորումը ընթացքի մեջ է և օբյեկտիվորեն չի կարող մասնակցել վարչապետին ու կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացին, թեև այդ հարցը «Հայազնի» օրակարգում չկա:
Armlur.am լրատվականը փորձեց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանից պարզել` «Հայազն» կուսակցությունն իր գործունեությամբ ինչ խնդիրներ է լուծելու:
-Պրն Աղայան, արդեն մի քանի տարի է ՝ «Հայազնը» որպես ինքնուրույն միավոր գործում է հասարակական-քաղաքական դաշտում: Հիմա ի՞նչ ասել է ` ձևավորվում է կուսակցություն:
-«Հայազնը» 4-5 տարի առաջ, երբ ես նրա անդամ չէի, երիտասարդական միություն էր: Քաղաքականանալու որոշումը երկու տարվա պատմություն ունի: Կուսակցության վերակազմակերպման գործընթացը սկսվել է մեկ տարի առաջ: Գրանցման փուլը կասեցվեց, քանի որ կանոնադրության հետ կապված խնդիրներ կային:
-Այսինքն` դեռ չե՞ք գրանցվել:
-Չէ, բայց խնդիրը դա չէ: Հայաստանում լուրջ կուսակցություն դառնալը հեշտ չէ: «Հայազնը» անիմաստ կուսակցություն չի լինելու:
-Քանի՞ անդամ ունի կուսակցությունը:
-Կանոնադրության համաձայն` ունի 200-ից ավելի անդամներ, որոնց մի մասը բավական ակտիվ է:
-Կուսակցության կազմում գերիշխում են ավագ, թե՞ երիտասարդ սերնդի անդամները:
-Առայժմ երիտասարդ անդամները գերակշռում են, բայց զուհագեռ ավելանում են նաև ավագ սերնդի ներկայացուցիչները:
-Ինչո՞ւ են ձգտում անդամագրվել ձեր կուսակցությանը, ինչո՞վ է տարբերվում «Հայազնը» մնացած քաղաքական ուժերից:
-«Հայազն»-ին անդամագրվում են մարդիկ, որոնք չեն գտել իրենց ուզածը քաղաքական այլ ուժերի մեջ: «Հայազն»-ին միանում են նրանք, որոնք ընդունում են կուսակցության գաղափարախոսությունը, ինչպես անդամագրվողների մի խումբը գնահատում է «Հայազն»-ի ակտիվությունը:
Գաղափարախոսական առումով «Հայազն»-ը միակն է, որը մերժում է Հայաստանի` ցանկացած ինտեգրացիոն գործընթացի մասնակցությունը: Բացի այդ ` «Հայազնը» ազգային հատվածի կուսակցություն է: Այս դաշտում կարծես թե մրցակցություն չկա:
Ճիշտ է, կան որոշ կուսակցություններ, որոնք հայտ են ներկայացնում այդ դաշտում հանդես գալու, օրինակ, ՀՅԴ-ն, բայց ինչ-որ մի բանի հետ միասին ` մասնավորապես ՀՅԴ-ն համարում է իրեն նաև սոցիալիստական:
-Կարելի՞ է ենթադրել, որ Դուք եք լինելու կուսակցության ղեկավարը:
-«Հայազնը» մերժում է անձերի ու կուռքերի շուրջ համախմբում: Ղեկավար չի լինելու երբեք: Կլինի կոլեգիալ մարմին, որը կտարանջատի քաղաքական և կազմակերպական մարմինները: Կազմակերպչական մարմինը կարծես դառնում է ընտրական հանձնաժողով քաղաքական մարմնի ընտրությունը կազմակերպող: Քաղաքական մարմինն է դառնում կուսակցության քաղաքական դիրքորոշումն արտահայտող:
Գալիք խորհրդարանական ընտրություններից առաջ «Հայազնը» կլինի այն եզակի կուսակցություններից մեկը, որը կընտրի իր ցուցակը համակուսակցական քվեարկությամբ:
-Պրն Աղայան, ցանկացած կուսակցություն պահելու համար, բացի անդամավճարներից, անհրաժեշտ է նաև ֆինանսական լուրջ աջակցություն: Ինչպե՞ս է «Հայազնը» լուծելու այս խնդիրը, ո՞վ է հովանավորելու ձեզ:
-Հովանավորելը շատ մեծ վտանգներ է պարունակում: Հովանավորել նշանակում է պատվեր տալ: Մենք, եթե հանկարծ ունեցանք շատ լուրջ հովանավոր, սրտի մեծ կսկիծով կհրաժարվենք այդ հովանավորությունից, եթե չհրաժարվենք, չենք լինի այն, ինչ կանք այսօր: Կիրառում ենք փոքր բյուջետային մեխանիզմներ: Այս փուլում դեռ դա հաջողվում է, բայց դիմացն ավելի լուրջ փուլեր կան, որոնք ծախսեր են պահանջում: Այդ ծախսերը բավարարելը պայմանավորված կլինի մեր անդամների քանակի ավելանումից: Կարևոր չէ` ինչքան փող են տալիս, կարևորը քանի հոգի է տալիս: Մենք ձգտում ենք ունենալ 1000-ավոր հովանավորներ, որոնք մի քիչ մի քիչ փող կտան, քան թե օլիգարխական ձևով ստվերային հովանավորություն:
-Ցանկացած հովանավոր հենց այնպես երբեք գումար չի տալիս ՝ միշտ ինչ-որ բան ակնկալում է:
-Պետք է ակնկալեն այն, ինչ առաջարկում է «Հայազնը»: Ի դեպ, վճարողը նաև մասնակցում է քաղաքական թիմի ընտրությանը:
-Հաշվի առնելով երկրում ինչ սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակ է, ինչքա՞ն կարող են ձեր անդամները գումարներ վճարել ` առանց իմանալու ` ի՞նչ է սպասվում իրենց հետագայում:
-Դե մեր անդամները մասնակցում են կուսակցության կողմից առաջ քաշվող գործընթացներին, գիտեն ` ինչի մասին է խոսքը: Մեզ մոտ տարբեր անդամավճարներ կան ` 2000-ը դրամը տվողներ էլ կան, բայց կան նաև 30.000 դրամ վճարողներ: Գրասենյակ պահելու, նվազագույն ծախսերը հոգալու համար այս փուլում դեռ բավարարում է:
-Սփյուռքի հետ համագործակցելո՞ւ եք:
-Մենք արդեն համագործակցում ենք Սփյուռքի հետ, երբեմն ֆինանսական թեթև աջակցություն ստանում ենք նաև այնտեղից: Շատ չենք պահանջում ֆինանսական աջակցություն, քանի որ առջևում բարդ ժամանակներ են: «Հայազնի» հետ սփյուռքահայերը գաղափարական առումով կլինեն միշտ, բայց ՀՀ օրենսդրությունը թույլ չի տալիս նրանց դարձնելու պատգամավորության թեկնածու, քանի որ 5 տարի պետք է ապրի ՀՀ-ում:
-Քաղաքական այն ուժերը, որոնք քննադատում են ՀՀ-ի Մաքսային միությանն անդամակցելը, ԵՄ-ի հետ հարաբերություններ խորացնելը կամ 4 ուժերի համագործակցությունը, անմիջապես համարում են իշխանության, իսկ ավելի կոնկրետ` Սերժ Սարգսյանի պատվեր կատարողը: Արդյոք ժամանակը չէ, որ «Հայազնը» հստակեցնի իր դիրքորոշումն այս առումով նման մեղադրանքների չարժանանալու համար:
-Մեզ արդեն բազմիցս պատվեր կատարողի պիտակներ են կպցրել: Մի մասը իհարկե մոռացել է դրա մասին: Մենք անգամ դրա պատճառով կոնֆլիկտների մեջ ենք հայտնվել: Մենք գնում ենք մեր ճանապարհով, հիմա ով ինչ ուզում է, թող ասի:
-Բայց օրինաչա՞փ եք համարում, որ եթե քաղաքական ուժն այս պահին չորս ուժերի կողքին չէ, նա դառնում է իշխանության մարդը:
-Մենք մեր տեղում ենք ու ունենք մեր հստակ դիրքորոշումը: Եթե մածունը սպիտակ է, ուրեմն սպիտակ է: Եթե Սերժ Սարգսյանը հայտարարի` մածունը սպիտակ է, չպետք է ասենք` մածունը սև է միայն այն պատճառով, որ դա ասում է Սերժ Սարգսյանը:
Սոնա Դավթյան