«Ազգային հեղափոխական ճակատ»-ը օլիգարխների կողմից չի ֆինանսավորվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս «Հայազն» կուսակցության կողմից կազմակերպված համաժողովի ընթացքում ՀՀ քաղաքական դաշտի ներկայացուցիչներին հեռակա կարգով ներկայացվեցին մի շարք առաջարկներ՝ ըստ որոնց «Հայազնը» պատրաստվում է ստեղծել «Ազգային հեղափոխական ճակատ»:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանի հետ:

-Պարո՛ն Մկրտչյան, «Ազգային հեղափոխական ճակատ» ասելով ի՞նչ կարող ենք հասկանալ, ինչո՞վ է այն տարբերվելու մյուս նմանօրինակ կառույցներից. համաձայնեք՝ քիչ չեն եղել:

-Քանի որ 2017թ. բուն ընտրական պրոցեսներն են տեղի ունենալու, որոշեցինք առաջարկությամբ հանդես գալ, որպեսզի միասնական ճակատով մասնակցենք 2017թ. ընտրություններին… Մենք` ազգային հեղափոխականներով, մասնակցելու ենք ցուցակով, որը լինելու է արմատապես տարբերվող մյուս ընդդիմադիր ցուցակներից թե՛ իր կազմով, թե՛ իր ընտրության եւ ձեւավորման կարգով: 2017 ընտրությունները մեզ համար հայտարարում ենք սկսված:

-Իսկ ընդդիմադիր ի՞նչ ուժերի հետ կհամագործակցեք:

-Այնպիսի առաջարկներ, որոնք որ մեր գաղափարական կետերից շեղումներ չեն ունենա, միշտ ողջունելի կլինեն: Բայց սա գլխավոր ճանապարհն է, որով որ մենք գնալու ենք:

-Ընդդիմադիր շատ ուժեր մինչեւ այժմ շարունակում են փողոցային պայքար ծավալել, հնարավո՞ր է՝ Դուք եւս միանաք նրանց:

-Մենք փողոց դուրս չգալը չենք սահմանափակում: Ցանկացած հեղափոխական գործունեություն, որը միտված է ներկայիս ռեժիմի դեմ պայքարելուն, մեր կողմից ողջունելի է: Սակայն, մեր կարծիքով, միայն օդում պայքարելով չպետք է սահմանափակվել, այլ պետք են մեխանիզմներ: Այսինքն՝ ամեն ինչ պետք է մշակված լինի, եւ կոնկրետ հարցերին համակարգային լուծումներ պետք է տրվեն:

Այս իսկ պատճառով մենք նմանատիպ շարժում ենք ձեւավորել եւ վստահ ենք, որ այն հաջողությամբ է պսակվելու: Սա նաեւ նոր սերդի խոսքն է, որովհետեւ ժամանակն է եկել, որ քաղաքական սերնդափոխություն եւ ամբողջական ընդդիմափոխություն լինի ՀՀ-ում: Սա առաջին պաշտոնական քայլն է այդ պրոցեսում:

-Իսկ ինչպե՞ս է «Հայազն» կուսակցությունը ֆինանսավորվում: Արդյո՞ք բավարար միջոցեր ունեք՝ ձեր ծրագրերը կյանքի կոչելու համար:

-Մեր պատկերացմամբ լիդերների թիմը, որը պետք է առաջնորդի ազգային հեղափոխությունը, ընտրովի է լինելու: Հազարավոր գաղափարակից քաղաքացիներ պետք է իրենց ընտրությամբ հաստատեն իրենց լիդեր լինելը, եւ այդ հազարավոր քաղաքացիները պետք է ստանձնեն այդ պրոցեսի ֆինանսավորումը: Մշակված մեխանիզմներ կան, որոնք կներկայացնենք:

Միանշանակ կարող եմ ասել նաեւ, թե ինչպես չի ֆինանսավորվելու կուսակցությունը: Չի ֆինանսավորվելու մականունավոր օլիգարխների եւ ոչ մականունավոր օլիգարխների կողմից, չի ֆինանսավորվելու դեսպանատների եւ միջազգային շահառուների կողմից, ֆինանսավորվելու է գաղափարակից մարդկանց, համակիրների ընտրական պրոցեսների միջոցով:

Զրուցեց Արփինե Թովմասյանը




Լրահոս