ArmLur.am-ը պարբերաբար ահազանգեր է ստանում Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչներից, որ Լիբանանում ՀՀ դեսպանությունը բարձիթողի վիճակում է թողել իրենց։
Մեզ հետ զրույցում նրանք, մասնավորապես, պատմում են, որ Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակի ֆոնին՝ տարբեր երկրների դեսպանատներ կապ են հաստատել իրենց քաղաքացիների հետ, նրանց հետ նախապատրաստական աշխատանքներ են տարել, հատուկ ծրագիր ներկայացրել, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան արագ և պատշաճ կազմակերպել տարհանումը։
Լիբանանում բնակվող մեր հայրենակիցները ահազանգում են, որ այս պայմաններում ՀՀ դեսպանությունը անորոշ վիճակում է թողել իրենց և տարհանման որևէ ծրագիր չի ներկայացրել։
ArmLur.am-ը կապ հաստատեց նաև ՀՀ ԱԳՆ՝ հասկանալու համար, թե այս մասով ի՞նչ աշխատանք է տարվում։
ՀՀ ԱԳՆ-ից հղում արեցին օգոստոսի 3-ին արված հայտարարությանը, որտեղ կոչ էին անում ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց, եթե չկա դրա խիստ անհրաժեշտություն․
«Միաժամանակ, նախարարությունը հորդորում է այս պահին Լիբանանում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, խուսափել վերջին օրերին թիրախավորված շրջաններ այցելելուց և հետևել Լիբանանի իրավասու մարմինների պաշտոնական հաղորդումներին և նախազգուշացումներին։
Ստեղծված իրավիճակով պայմանավորված խնդիրների բախվելու դեպքում ՀՀ քաղաքացիները կարող են կապ հաստատել Լիբանանում ՀՀ դեսպանության հետ»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ ՀՀ ԱԳՆ-ն և Լիբանանում ՀՀ դեսպանությունը սահմանափակվել են միայն հայտարարությամբ։
Քրիստինա Մուշեղյան