Երեկ՝ օգոստոսի 12-ին, ամփոփվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով թեկնածուների փաստաթղթերի ընդունման գործընթացը։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ ՀՀԽ խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթի մասնակցության համար հայտ էին ներկայացրել 7 կանայք՝ Էլմիրա Արսենյանը, Քնարիկ Առաքելյանը, Զառա Արամյանը, Իրինա Շախնազարյանը, Օֆելյա Ասատրյանը, Մարգարիտա Մինասյանը, Նունե Էլմասյանը։
Նշենք, որ Մարգարիտա Մինասյանն, ով թեկնածուներից մեկն է հանդիսանում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի մայրն է, և այս հանգամանքից առաջացել են խոսակցություններ, ըստ որոնց արդեն պարզ է, թե ով է լինելու հաղթողը։
ArmLur.am-ը այս առթիվ կապ հաստատեց Մարգարիտա Մինասյանի հետ՝ պարզելու՝ ի՞նչ կարծիք ունի այս մասին և ինչպե՞ս կմեկնաբանի այդ խոսակցությունները։
Մարգարիտա Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց․
«Ինձ չի հետաքրքրում, թե ինչ խոսակցություններ կան։ Ես ՀՀ քաղաքացի եմ, ունեմ իրավունքներ և իմ անցած ուղին լրիվ թույլ է տալիս, որ ես մասնակցեմ մասնագիտական մրցույթների։ Ավելացնելու ոչ մի բան չունեմ, քանի որ ինչը, որ կա ՀՌՀ-ի կայքում, դրված է, ինչ մրցույթ է և ովքեր են մասնակցում»։
Վերջինս չլսելով մեր հաջորդ հարցադրումը՝ միանգամից անջատեց հեռախոսը։
(Լուսանկարը՝ Մարգարիտա Մինասյանի ֆեյսբուքյան էջից)։
Աննա Սրապիոնյան