ՖՈՏՈ. Օգոստոսի 15-ը՝ Հադրութի վերածննդի օր. ի՞նչ մշակութային ժառանգությամբ է առանձնանում Հադրութը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 15-ը Հադրութի վերածննդի և պաշտպանական շրջանի ստեղծման օրն է:

1992թ. օգոստոսի 15-ը ճակատագրական էր Հադրութի ու հադրութցիների համար: Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ ռազմական գործողություններ էր սկսել Հադրութի ուղղությամբ՝ որպես առաջնային թիրախ:

Ռազմական գործողություններին զուգահեռ կազմվել են ինքնապաշտպանական ջոկատներն ու մեկ միասնական հրամանատարության ներքո ստեղծվել է առաջին պաշտպանական շրջանը:

Գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանի նախաձեռնությամբ օգոստոսի 15-ը ընդունվել է որպես Հադրութ քաղաքի վերածննդի և պաշտպանական շրջանի ստեղծման օր:

Ի՞նչ պատմամշակութային ժառանգությամբ են առանձնացել Հադրութի շրջանն ու Հադրութ քաղաքը:

Պատմական Արցախի Դիզակի մելիքության տարածքում գտնվող Հադրութի շրջանը հսկայական պատմամշակութային ժառանգություն է ներկայացնում: Ծովի մակերևույթից 7-ից 9 հարյուր մետր բարձրության վրա գտնվող այս շրջանի ամենաբարձր կետը Դիզափայտ լեռան գագաթն է, որտեղ բարձր ես քեզ շրջապատող ցանկացած կետից: Հենց Դիզափայտում էլ գտնվում է «Սպիտակ տաճարը», որը հնագույն ուխտատեղի է:

Հնում Հադրութ քաղաքն օղակված է եղել պաշտպանական մի շարք բերդ-ամրոցներով, և քաղաքի հյուսիսարևելյան կողմում պահպանված կարելի էր տեսնել «Բերդի մուտք» անունով հին բերդապարսպի հետքերը, հարավում՝ «Ծծախաչ» բերդի, հյուսիսում՝ «Վնեսաբերդի», հարավ-արևելքում՝ «Ցորաբերդի» պարիսպների և աշտարակների առանձին մասերը։

Այստեղ ամենագեղեցիկ վայրերից մեկը Սուրբ Հարություն եկեղեցին է, որը կառուցվել է 1621 թվականին: Ցավոք, 2020 թվականի պատերազմից հետո, երբ Հադրութի շրջանն անցավ ադրբեջանական վերահսկողության տակ, եկեղեցին վանդալիզմի զոհ է դարձել: Հրապարակված մի շարք կադրերում երևում է, որ եկեղեցու պատերին հայտնվել են գրություններ, հանվել է գմբեթի խաչը:

 

Հադրութ քաղաքի տարածքը հարուստ է 13 սառնորակ աղբյուրներով և մարտական ճանապարհ անցած հայտնի գյուղերով և քաղաքներով, ինչպիսին են Հին թաղերը, Տումին, Տողը։ Քաղաքում կար նաև 7 գործող ջրհոր։

Այսօր քաղաքի ճակատագիրն ու այնտեղ հայկական հետքի առկայությունն անհայտ է: Ժամանակ առ ժամանակ համացանցում հայտնվում են Արցախի տարբեր տարածքներ պատկերող արբանյակային կադրեր, որտեղ կարելի է հստակ տեսնել, թե ինչպես է վերացվել հայկական հետքը, ինչպես են վանդալիզմի ենթարկվել հայկական հուշարձանները:

Արցախը ժամանակավորապես օկուպացված է…

Հուրի Բաղդասարյան




Լրահոս